«Microsoft» -ը նշում է սպառողների իրավունքների պաշտպանության օրը
Որպես պիրատության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում այսօր անցկացնում է ամենամյա «Սպառողների Իրավունքների Պաշտպանության Օր»: Այս տարի առաջին անգամ այդ օրը նշվում է նաև Հայաստանում: Միջոցառման նպատակն է բարձրացնել սպառողի ուշադրությունը կեղծված ծրագրային ապահովման համաշխարհային խնդրի նկատմամբ:
«Ամենուրեք սպառողները հայտնում են մեզ, որ անօրինական ծրագրային ապահովումը բացասական ազդեցություն է թողնում իրենց գործունեության վրա, հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր մարդիկ իրենց առօրյայի մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև: Մարդիկ ուզում են լինել կրթված, որպեսզի կարողանան պաշտապանել իրենց իրավունքները: Եվ մեր պարտականությունն է անել հնարավորինս նրանց օգնելու համար»,- ասում է «Microsoft» -ի համաշխարհային հակապիրատական և հակակեղծման հարցերով գլխավոր խորհրդատուի օգնական Դեյվիդ Ֆիննը:
Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: