«Ուսանողությունն ուղղակի պահանջում է պետական հոգածություն»
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարությամբ` ևս մեկ անգամ բարձրաձայնելով այն խնդիրների մասին, որոնք ծառացած են ուսանողության առջև:
«Բարձրագույն ուսումնական հաստատություններից շատերը դարձել են ոչ թե ուսում ապահովող և գիտական ակադեմիական հաստատություններ, այլ բիզնես կազմակերպող և կուսակցական քարոզչություն իրականացնող միավորներ: ԲՈՒՀ-երի կողմից առաջարկվող մասնագիտությունները, հատկացված տեղերը ոչ մի կերպ չեն կանոնակարգվում, այլև ընտրվում են անհասկանալի ձևով: Ցայսօր որևիցե պաշտոնյա չի կարողացել հոդաբաշխ կերպով բացատրել, թե արդյո՞ք ամեն տարի Հայաստանին անհրաժեշտ են հազարավոր իրավաբաններ, տնտեսագետներ և դիվանագետներ, երբ որ այդ մասնագիտություններն ավարտած ուսանողների ճնշող մեծամասնությունը կանգնում է աշխատանք գտնելու խնդրի առջև: Երկրում չկա գեթ մեկ համապարփակ ուսումնասիրություն, որտեղ պետությունը, գործատուն և հասարակությունը կնշեն այն մասնագիտությունների կարիքը, որոնք այսօր բոլորս միասին զգում ենք: Մեծ հաշվով, ԲՈՒՀ-երն այդքան տեղեր են հատկացնում նրա համար, որպեսզի վարձավճարների շնորհիվ կարողանան պահպանել իրենց գոյությունը: Բոլոր միջազգային զեկույցներում հայկական կրթական հաստատությունները լրջագույնս հետ են մնում ոչ միայն միջազգային, այլ նաև տարածաշրջանային կրթական հասատություններից, ինչն ուղղակի ամոթալի և ցավալի է:
Առկա վարձավճարները ոչ մի ընդհանրություն չունեն երկրում առկա սոցիալական իրավիճակի հետ և որոշվում են կամայականորեն ու առանց որևիցե լուրջ հիմնավորումների: Ուսանողությունը չունի պետական հոգածություն, և չկա գեթ մեկ ուսանող, ով վստահ է, որ իր ուսումն ավարտելուց հետո կարող է պատշաճ աշխատանք գտնել երկրի ներսում:
Ուսանողությունն ուղղակի պահանջում է պետական հոգածություն և վիրահատական միջամտություն` վերոնշյալ խնդիրներին լուծում տալու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան