Կրթության նախարարության կողմից հակակոռուպցիոն պայքարը կիրականացվի 8 ուղղություններով
«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կրթության և գիտության նախարարությունում մշակվել է հակակոռուպցիոն գործողությունների հստակ և պարզ ծրագիր»: ՀՀ կառավարության նիստին հաջորդած ասուլիսում այսօր հայտարարեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` հավելելով, որ վարչապետի կողմից ծրագիրը հավանության է արժանացել և հանձնարարական է տրվել այդ ծրագրի ուղղությամբ հրապարակային քննարկումներ անցկացնել:
«Ծրագիրը հնարավորություն կտա պատկերացում կազմել, թե ինչ միջոցառումներ է իրականացնելու նախարարությունը գալիք 2 տարիների ընթացքում` կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում կտրուկ նվազացնելու ուղղությամբ»,- նշեց նախարարը:
Նրա գնահատմամբ, կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում հիմնականում գտնում են 2 ոլորտներում` հանրկրթական և բուհական: Հանրակրթության ոլորտում այն դրսևորվում է դրամահավաքների ձևով: Դրանք լինում են տարբեր չափերի` մի քանի հարյուր դրամից մինչև մի քանի հազար դրամ:
«Որպես կանոն դրանք ծառայում են դպրոցի կամ դասարանի ընթացիկ խնդիրների լուծման համար, սակայն այդ դրամահավաքները արտոնված չեն օրենքով և նման տեսակի միջոցառում դպրոցական տնօրինությունները իրավունք չունեն անելու: Սա բացասական արձագանք է ստանում ծնողների շրջանում»,- նշեց նախարարը: Իսկ բուհերում, ըստ նրա, կոռուպցիոն ռիսկերը հիմնականում տեղակայված են ընթացիկ և ավարտական քննությունների մեջ: Դրա մասին նաև վկայում են սոցիոլոգիական հետազոտությունները, որոնց արդյունքներով բուհական կոռուպցիոն մակարդակը չի նվազում:
Ա.Աշոտյանի խոսքերով, համակոռուպցիոն ծրագիրը բաղկացած է 16 միջոցառումներից:Հակակոռուպցիոն պայքարը նախարարության կողմից կիրականացվի հիմնականում 8 ուղղություններով:
Առաջինը ուղղությունը վերաբերում է իրավական բարեփոխումներին, քանի որ, ըստ նախարարի, կրթական համակարգում կան բազմաթիվ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և կարգեր, որոնց մեջ դեռևս կան «երկիմաստ, լղոզված, մեկնաբանելի և առաձգական ձևակերպումներ», որոնք թույլ են տալիս չարաշահել և շահարկել այս օրենսդրական իրավական բացթողումները, և նպաստում են կոռուպցիոն ռիսկերի արտահայտմանը:
Երկրորդը, ըստ Ա.Աշոտյանի, ուղղված է կառավարման որակի բարձրացմանը: «Հայտնի է, որ կոռուպցիոն ռիսկերը հաճախ կուտակվում են այնտեղ, որտեղ կառավարման որակը բավականին ցածր է: Այստեղ ամբողջ գործընթացը գնալու է ողջ համակարգով` նախարարությունից մինչև դպրոցական խորհուրդներ, բուհեր, քոլեջներ, ինչպես նաև տարածքային կառավարման մարմիններում կրթության համար պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների աշխատանքի բարելավում»,- ասաց նախարարը` հավելելով, որ մասնավորապես, նախատեսվում է, որ կընդլայնվի ԿԳՆ կրթության պետական տեսչության գործառույթները: Ըստ այդմ, 5 տարիների ընթացքում ընդամենը առաջին անգամ տեսչությունը կստուգի մարզերից մեկի համապատասխան վարչությունը: Հաջորդ տարի այդ ստուգումները կիրկանացվեն բոլոր մարզերի համապասխան կրթական վարչություններում:
Երրորդ ուղղությունը վերաբերում է կրթական համակարգի թափանցիկ և հրապարակային աշխատանքին: Չորրորդ ուղղությունը ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումն է:
«Դպրոցները, քոլեջներն ու բուհերը առաջիկա 2 տարիների ընթացքում կֆինանսավորվեն նոր մեխանիզմներով: Կրթական հաստատությունների ֆինանսավորումները կունենան շատ կարևոր բաղադրիչ` որակից կախված ֆինանսավորում: Այն դպրոցները, բուհերն ու քոլեջները, որոնք կտան ստուգելի չափելի բարձր որակ` կստանան բարձր գումարային հատկացումներ: Իսկ նրանք, որոնք չեն ապահովի կրթության որակը, ապա չեն ստանա համապատասխան ֆինանսական միջոցներ»,- հայտնեց Ա.Աշոտյանը` ավելացնելով, որ կրթության որակի բարձրացումը կբերի կոռուպցիոն երևույթների կտրուկ նվազեցման:
Հինգերորդ ուղղությունը համակարգի վերահսկողության ուժեղացումն է: Նախարարի գնահատմամբ, նախարության լծակներն այս ուղղությամբ դեռևս թույլ են:
Հաջորդ ուղղությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավումն է Յոթերորդ ուղղությունը` գիտելիքի արժեվորումն է հասարակության մեջ:
«Այս ուղղությամբ հասարակական արշավ կսկսենք ԶԼՄ-ներով: Պետք է վերադարձնել գիտելիքը որպես արժեք , պետք է խրախուսել աշակերտներին, ուսանողներին` ստանալ այդ գիտելիքը, որպեսզի մենք չունենանք այն զավեշտալի դրսևորումները, որ շատ հաճախ մեր հասարակության մեջ ունենում ենք»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ութերորդն ուղղված է կրթական գործընթացում որոշ գործառույթների բարելավմանը: Մասնավորապես, ուսանողների տեղափոխմանը բուհից բուհ, մի ֆակուլտետից մյուս ֆակուլտետը, որոնք ուղեկցվում են անառողջ դրսևորումներով:
Հարցին, թե նախարարության հակակոռուպցիոն ծրագիրը գրվել է վարչապետի հանձնարարականից հետո, Ա.Աշոտյանը պատասխանեց, որ դա երկար տարիների աշխատանքի արդյունք է.«Այնպես չէ, որ այս ծրագիրը հորինել ու գրել ենք 10 օրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան