Արմեն Աշոտյան. Շոկի մեջ գտնվող հիվանդին երկրորդ շոկը չեն տալիս
«ՀՀ վարչապետը չի խոսել կրթության և գիտության նախարարության կոռուպցիայի մասին, խոսել է ոլորտի կոռուպցիայի մասին»,- այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը նաև նշեց, որ կադրային փոփոխությունների մասին խոսելիս աշխատաքից ազատումների մասին հանձնարարականներ չեն եղել: Կադրային փոփոխությունների հանձնարարականը, ըստ Ա.Աշոտյանի, վերաբերել է բուհական խորհուրդների կազմի փոփոխությանը և բուհական խորհուրդների լիազորությունների ընդլայմանը, ինչն էլ արվելու է:
«Բուհական խորհուրդները պետք է ունենան հստակ լիազորություն` ռեկտորներից պահանջել հակակոռուպցիոն ծրագրի հաշվետվություն, որը պետք է հրապարակվի և հիմք ծառայի դժգոհության դեպքում ռեկտորների նկատմամբ վերաբերմունքի արտահայտման», -ընդգծեց նախարարը: Ուստի, ըստ նրա, նախարարությունում կադրային փոփոխություններ չեն եղել։
«Լինում են դեպքեր, երբ շոկը օգնում է, բայց շոկի մեջ գտնվող հիվանդին երկրորդ շոկը չեն տալիս: Իրականում ոլորտում դուք տեսնում եք, որ բազում կուտակված խնդիրներ եղել են և դրանց մի մասը իրենց լուծման ճանապարհին են: Ես ունեմ երկու խնդիր` որպես քաղաքականության պատասպանատու, որպեսզի իմ օրոք ոչ մի նոր խնդիր չծագի, և որպեսզի խնդիրները լուծվեն ավելի կարճ ժամանակահատվածում, քան թե կուտակվել են»,- հայտարարեց Ա.Աշոտյանը: