Վրացի վերլուծաբան. «Հայաստանի խնդիրների պատճառով ոչ ոք մտադիր չէ արգելակել իր զարգացումը»
«168 ժամ»-ին տված հարցազրույցում վրացի վերլուծաբան, էներգետիկ հարցերով փորձագետ Գիա Խուխաշվիլին, խոսելով Հյուսիս-հարավ գազամուղի՝ Վրաստանի կողմից Ադրբեջանի Պետական նավթային ընկերությանը (ԱՊՆԸ) հնարավոր վաճառքի, այդ գործարքի հետևանքով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ` մասնավորապես նշել է. «Եկեք արձանագրենք, որ ոչ միայն Բաքուն, այլ նաև Երևանն է խոսում գազամուղը գնելու ցանկության և հնարավորության մասին։ Առայժմ, սակայն, այս հարցում գլխավորն այն է, թե ինչ են ասում Վրաստանի իշխանությունները, որոնք որոշակի «թաքնված շահ» ունեն տվյալ գործարքից։
Այսօր Թբիլիսիի պաշտոնական մեկնաբանությունները հանգում են նրան, որ գազամուղը ոչ ոք չի պատրաստվում վաճառել։ Իշխանությունները կարող են գնալ հետևյալ քայլին, կարող է վաճառքի հանվել գազամուղի բաժնետոմսերի որոշակի փաթեթ, որքանով ես կարող եմ ենթադրել՝ 15 տոկոսի չափով։ Այդ օպերացիան թույլ չի տա որևէ երրորդ կողմի վերահսկողություն սահմանել գազատարի նկատմամբ։…Որոշակի քաղաքական մոտիվացիա կա, որի հետ կապված կարող են ինչ-որ ռիսկեր ծագել։ Սակայն ես առաջին հերթին իմ հայ գործընկերներին խորհուրդ կտայի խոսել ոչ թե հնարավոր ռիսկերի առաջացման, այլ այն մասին, թե ինչպես լուծել այն համակարգային խնդիրը, որը Հայաստանին թույլ չի տալիս լիարժեք մասնակցություն ունենալ տարածաշրջանային բոլոր նախագծերում:…
Երևանում պետք է հասկանան, որ Վրաստանն ու Ադրբեջանը համարվում են միասնական աշխարհաքաղաքական օղակ, որն արդեն այսօր նշանակալից դեր է խաղում, իսկ հետագայում այդ դերն ավելի են մեծացնելու Եվրոպայի էներգետիկ անվտանգության արդյունավետ համակարգում։ Հայաստանը ևս պետք է միանա այդ գործընթացին:… Պետք է ճանապարհներ փնտրել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար։ Սա է հիմնական դեղատոմսը։ Իսկ Հայաստանի խնդիրների պատճառով ոչ ոք մտադիր չէ արգելակել իր զարգացումը։ Սա միանգամայն բնական է, և ոչ ոք չպետք է նեղանա դրանից»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում