«Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկը համալրվել է 47 օբյեկտով, այդ թվում նաև` հայկական խաչքարերով
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանի ընթացքում «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկը համալրվել է 47 օբյեկտով` ներկայացված 29 պետության կողմից: Այսպիսով, ցանկում ներառված է ոչ նյութական մշակութային ժառանգության 213 օբյեկտ:
Նշենք, որ հավանության է արժանացել նաև Հայաստանի Հանրապետության ներկայացրած («Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր») հայտը, որը ներկայացնում է խաչքարի ծագումնաբանությունը, զարգացման ժամանակագրությունը, հորինվածքը, պատկերագրությունը, ազգային պատկերացումները, ժողովրդի կյանքում խաչքարի դերակատարությունը, գործառույթները, դրսևորման ձևերը, ինչպես նաև ժամանակակից խաչքարագործության զարգացումները: Այսպիսով, ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերն ընդունում է իր մշակութային ժառանգության անբաժան մաս: Հիշեցնենք, որ 2005թ.-ին Հայաստանի ներկայացրած «Դուդուկը և իր երաժշտարվեստը» արդեն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիան ընդունվել է 2003 թ.: Փաստաթղթի համաձայն, պահպանվող օբյեկտներ կարող են հանդիսանալ ավանդական արհեստները, ավանդույթները, ծեսերը, երաժշտությունը, փառատոներն ու տոները:
5-րդ նստաշրջանի ընթացքում ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակն ընդլայնվել է այնպիսի օբյեկտներով, ինչպիսին են` ֆլամենկո պարը, հնդկական չխաու պարը, պերուական դանակներով պարը, իսպանական մարդկային աշտարակները, գորգերի ստեղծման ադրբեջանական տեխնիկան, մեքսիկական ու ֆրանսիական խոհանոցային ավանդույթները, միջերկրածովյան դիետան, պեկինյան օպերան, թուրքական «սեմախ» ծեսը և այլն:
Նշենք, որ նստաշրջանն իր աշխատանքները կավարտի վաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները