Վահան Հովսեփյան. «Հանցագործություն է ՏՏ մասնավոր հատվածին չաջակցելը կամ աջակցությունից կտրելը»
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, հայկական ընկերությունները Թբիլիսիում կայացած GITI կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է ինչպես վրացական, այնպես էլ արտերկրի գործընկերների հետ, այդ թվում` Ալբանիայի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Ուկրաինայի և Լատվիայի: Միջոցառման մասնակիցներից շատերն ընդունել են ԻՏՁՄ կողմից հրավերքը` մասնակցելու 2011 թվականի հունիսին կայանալիք Digitec Business ֆորումին:
«Մեր Վրաստան այցի նպատակն էր պատշաճ կերպով ներկայացնել հայկական ՏՏ ոլորտը, ձեռք բերել նոր գորընկերներ, ինչպես նաև ծանոթանալ տարածաշրջանային ՏՏ միջոցառումներին մասնակցելու համար հնարավոր տարբերակներին: Եթե մենք նախահարձակ չլինենք և ցույց չտանք, որ Հայաստանը վստահելի գործընկերն է, ապա այդ դեպքում մեզ չեն վերաբերվի հավասարի պես»,- նշեց UITE Expo ՍՊԸ տնօրեն Վահան Հովսեփյանը և հավելեց, որ այս հարցում իր դերը պետք է ունենա նաև պետությունը:
«Կարծում եմ, հանցագործություն է ՏՏ մասնավոր հատվածին չաջակցելը կամ աջակցությունից կտրելն այն դեպքում, երբ վերջինս այդքան հզոր է Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի կտրվածքով»,- նշեց Վահան Հովսեփյանը:
Հայկական պատվիրակությունը Վրաստանում այցելել է նաև Նիդերլանդների դեսպանատուն, որտեղ քննարկվել են Հայաստանի մասնավոր հատվածի համար նախատեսված հոլանդական կառավարության MMF, PSI տնտեսական համագործակցության ծրագրերի, Nuffic կրթական ծրագրի, պետական համագործակցության ORIO ծրագրի շրջանակներում համագործակցության տարբերակները:
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությանն աջակցել են «Դ-լինկ» ընկերությունը, USAID/CAPS և USAID/RCI ծրագրերը` համաֆինանսավորելով մասնակիցների ծախսերը: USAID/CAPS ծրագիրը նաև հատուկ խորհրդատվություն է տրամադրել թիրախային հաճախորդների հետ աշխատելու հարցում :