«Մանկական Եվրատեսիլ». Մասնակիցները փորձում են վերջին անգամ
Այսօր Բելառուսի մայրաքաղաքի «Մինսկ-Արենա» դահլիճում տեղի է ունենալու «Մանկական Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի գլխավոր ու վերջին փորձը: Մրցույթի մասնակիցներն արդեն մի քանի փորձեր արել են, իսկ վերջնական փորձի ժամանակ նրանք հանդես են գալու այնպես, ինչպես հենց մրցույթի օրը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին տեղի ունենալիք մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Այս տարի մասնակցում է 14 պետություն: Հայաստանի ներկայացուցիչ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգը ներկայացնելու է 10-րդը: Մրցույթը բացելու է Լիտվիայի ներկայացուցիչը, այնուհետև ելույթ են ունենալու Մոլդովայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Բելգիայի, Մալտայի, Բելառուսի, Վրաստանի, Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Նշենք, որ առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվել է 2003 թ.: Ամեն երկիր պետք է երգը կատարի իր մայրենի լեզվով: Մրցույթի կանոնների համաձայն, հաղթողը որոշվում է խառը քվեարկության արդյունքում` 50 տոկոս քվեարկում է հեռուստադիտողը և նույնքան տոկոս էլ` որակավորում անցած ժյուրին:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները