Հուշարձանագետ. Հայկական խաչքարերը ձեռք բերեցին նաև ճանաչում
«Խաչքարը, որպես հուշարձանի տեսակ, աշխարհում ընկալվում է որպես զուտ հայկական, իսկ գրանցվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում, նաև ճանաչում գտավ»,- Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող ՀԿ ղեկավար Սամվել Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում նոյեմբերի 15-19-ն ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ պետությունների միջկառավարական կոմիտեի 5-րդ նստաշրջանի ընթացքում «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկը համալրվել է 47 օբյեկտով` ներկայացված 29 պետության կողմից, այդ թվում նաև հայկական խաչքարերով. հավանության էր արժանացել Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը. հայկական խաչքարեր» հայտը:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի ներկայացուցիչը պահանջել է հայկական հայտի անվանումը խմբագրել «Հայկական խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» տարբերակով` պնդելով, որ խաչքարագործությունը միայն հայերինը չէ և այն բնորոշ է կովկասյան ալբանացիներին, որոնց հետնորդները իբրև թե ադրբեջանցիներն են: Սրանց ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, իր ելույթով ու ներկայացրած փաստերով հակահարված է տվել ադրբեջանցիներին, և Միջկառավարական կոմիտեն հաշվի չառնելով ադրբեջանական կողմի պնդումները` ընդունել է հայկական կողմի առաջարկած անվանումով հայտը:
«Ադրբեջանցիները, ինչպես միշտ, հայկական ցանկացած նախագիծ փորձում են խափանել: Մեր փոխնախարարը կարողացել է ճիշտ ներկայացնել, ու համառ պայքարի արդյունքում հասել ենք հաջողության: Մենք Ադրբեջանի հետ ամեն հարթությունում պատերազմի մեջ ենք: Սա էլ այս դաշտում էր պատերազմ, ու մենք հաղթել ենք»,- ասաց հուշարձանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում