Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ արբանյակ արձակելու հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են համատեղ արբանյակ արձակելու հնարավորությունների հարցը: Ռուսաստանի Կապի և հաղորդակցությունների նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն` նաև այս հարցն է քննարկվել ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի և նրա ռուս պաշտոնակից Իգոր Շեգոլևի հանդիպման ընթացքում:
Տեղեկատվության համաձայն` ՌԴ Կապի և հաղորդակցությունների նախարարը հանդիպման ընթացքում հիշեցրել է կապի օպերատորների հետ վերջերս ձեռք բերված համաձայնության մասին, որով նախատեսվում է նվազեցնել ռոումինգ ծառայությունների սակագները: Նա հայ գործընկերներին խնդրել է իրենց կողմից վերահսկել այդ գործընթացի ընթացքն ու ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հաղորդագրությամբ տեղեկացվում է նաև, որ հանդիպման մասնակիցները ուշադրություն են դարձրել Հայաստանի և Ռուսաստանի միջև փոստային ու հատուկ ծառայությունների ոլորտաում համագործակցության զարգացման խնդրին:
Առանձին քննարկվել է արբանյակային կապի նախագծերում Հայաստանի մասնակցության հարցը:
«Մասնավորապես, հայկական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանին կցված ուղեծրային դիրքերի համատեղ օգտագործման հնարավորությունը: Իգոր Շեգոլևը հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանում իրականացվում է արբանյակային խմբավորումների թարմացում: Նրա խոսքով, կարևոր է գնահատել ոլորտի մասնավոր ընկերությունների և պետական օպերատորների միջև համագործակցության հեռանկարները: Նախարարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է որոշակիացնել, թե արբանյակային որ տեխնոլոգիաներն են հետաքրքրում հայկական կողմին` կապը, հատուկ կապը, հեռուստահեռարձակումը, ռադիոն, բջջային կապը թե ինտերնետը»,- ասված է հաղորդագրության մեջ: