Նորույթ հայկական խաղային ինդուստրիայում
Հայկական խաղային ինդուստրիան մոտ ապագայում կհամալրվի նոր խաղով։ «Քարերի Երկիր» երիտասարդական թիմը պատրաստում է թողարկել «Տիգրան Մեծ» համակարգչային խաղը։
«Քարերի Երկիր»-ը երիտասարդների թիմ է, որի նպատակն է վերացնել հայոց պատմության թերիմացությունը, զարգացնել խաղային ինդուստրիան Հայաստանում ու տեղեկատվական պատերազմներում ամրապնդել հայաստանյան դիրքերը: Գաղափարի հեղինակ եւ նախագծի ղեկավար Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, իրենց նպատակն է ամեն հնարավոր միջոցներով հասնել հայաճանաչությանը։
«Թուրքերն ու ադրբեջանցիները ամեն կերպ աշխատում են ապատեղեկատվությամբ ամբողջ աշխարհը շրջել մեր դեմ: Արդյունքում աշխարհում մեր մասին տարածվում է սխալ ինֆորմացիա, ինչի հետևանքով ձևավորվում է նաև սխալ վերաբերմունք: Այս ամենի դեմ մեր երկիրը ամեն կերպ պայքարում է, մենք մեր հերթին մշակել ենք պայքարի մեր տարբերակը»,- նշեց ծրագրի ղեկավարը:
Panorama- ի հետ զրույցում Տ. Սարգսյանը նաև նշեց, որ նախագիծը տարածաշրջանում եզակի Է լինելու:
« ՏՏ ոլորտում այն լինելու է միակ հայկական ռազմավարական խաղը, որն ունի նաև ուսուցողական բնույթ։ Խաղի մասնակիցներին հնարավորություն է տրվում ծանոթանալ և մասնակցել հայկական տնակների կառուցման գործընթացին, հետևել հայ գյուղացիների բերքահավաքի ընթացքին, կառուցել զորամաս և իհարկե, պատերազմել հարևան պետությունների հետ, կատարելով ինչպես անվանի պատմական արշավներ, այնպես էլ մասնակիցների նախաձեռնությամբ, վարել կամայական ճակատամարտեր»- նշեց Տիգրան Սարգսյանը:
«Տիգրան Մեծ» խաղի պատրաստման աշխատանքներին մասնակցում են նաև պատմաբաններ, որոնք օգնում են ավելի ճշգրիտ ներկայացնել պատմական դեպքերն ու անունները: «Տիգրան Մեծը» կթողարկվի հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, քանի որ այն նպատակ ունի նաև գրավել օտարերկրացիների ուշադրությունը:
«Ի սկզբանե մեր խաղը չի հետապնդում շահույթ, սակայն չի բացառվում, որ հետագայում ունենա նաև կոմերցիոն նպատակներ: Ցավոք այս պահին ֆինանսավորում չկա, ամեն ինչ արվում է մեր թիմի միջոցներով: Լուրջ ֆինանսավորման պարագայում 1 ամսում կհավաքենք աշխատանքային պրոֆեսիոնալ թիմ, և կես տարում արդեն տեսանելի կլինեն խաղի ստեղծման առաջին քայլերը: Մեր գնահատականների համաձայն, նախագծի ամբողջական իրագործման արժեքը շուրջ 3 մլն եվրո է, իսկ եկամուտը նախատեսվում է շուրջ 10 մլն եվրոյի չափով»- նշեց գաղափարի հեղինակը: