Սևան-Հրազդանյան կասկադի` Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցը վերակառուցվել է
Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Սևան-Հրազդանյան կասկադի` Սևան ՀԷԿ-ի վերակառուցված ձկնապաշտպան կառույցի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը:
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցը վերակառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ այս տարվա ապրիլին Սևանա լճի ոչ հաշվարկային բարձրացման հետ կապված ստեղծվել էր վթարային իրավիճակ, որը կարող էր բերել Սևան ՀԷԿ-ի պատվարի ողողմանը: Իսկ պատվարի փլուզումը կառաջացներ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համակարգի աշխատանքային ռեժիմի խաթարում, ոռոգման ջրի բաց թողնման անհնարինություն և էկոլոգիական իրավիճակի վատթարացում:
Բ.Կովալչուկը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով այս տարվա ապրիլին ստեղծվել էր արտակարգ իրավիճակ, որը կարող էր պատվարի փլուզման պատճառ դառնալ, իսկ դա լուրջ հետևանքներ կունենար: «Ուստի Հայաստանի կառավարության և Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի շնորհիվ հնարավոր եղավ կարճ ժամանակամիջոցում վերակառուցման աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա:
Ա.Գևորգյանի խոսքերով, սա Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի և այն հանդիսանում է նոր ծրագրի մեկնարկը: <Սա մեզ համար կենսական նշանակություն ունի, քանի որ Արարատյան դաշտավայրի ոռոգման համար ջուր վերցվում է Սևանա լճից, ուստի այս համակարգը պետք է գտնվի աշխատանքային վիճակում»,- նշեց Ա.Գևորգյանը:
Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից: Որպես կապալառու ներգրավվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ն: Պատվարի հողային աշխտանքների ծավալը կազմել է մոտ 18 հազ. խմ, բետոնային աշխատանքներինը` 700 խմ, շինարարության փաստացի արժեք` 459,8 մլն դրամ:
Նշենք, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի գույքային համալիրի հիման վրա 2003թ. «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից Հայաստանում գրանցվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, որն իր մեջ ներառում է 7 հիդրոէլեկտրակայաններ և տարեկան արտադրում է 450-ից 600 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը կազմում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 10 տոկոսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան