Ա.Աշոտյան. «Հայ Առաքելական Եկեղեցին` հայ դպրոցի պահապան»
Արդեն 7-րդ տարին է, ինչ Հայ Առաքելական Եկեղեցին և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում են «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների մրցույթ: Եվ, ինչպես հաղորդում են ԿԳՆ-ից, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ 2010 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, իր հայրապետական օրհնությունը հղելով, բարձր է գնահատել մանկավարժների նվիրվածությունն իրենց գործին, քանի որ դրա շնորհիվ մեր երեխաների մեջ դաստիարակվում է հայրենասիրություն, եկեղեցասիրություն. «Հավատում ենք, որ մեր ազգային շահերի ապագայի տեսիլքին դուք մասնակցում եք պատասխանատվությամբ և մեր զավակներին կրթում եք այն արժեքներով, այն բարոյական արժեհամակարգով, որի վրա պիտի կառուցվի մեր երկիրը»,- նշել է վեհափառը:
«Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական և այլ արժեքներից, պետք է կրի նաև հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային ինքնության պահպանման, հոգևոր և մշակութային դաստիարակության հարցում, իսկ ազգային ինքնությունը մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ո՞վ դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»,- իր խոսքում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը կարևորել է նաև եկեղեցի-կրթություն- բանակ համագործակցությունը և ընդգծել, որ առանց եկեղեցու չկա կրթություն, չկա բանակ, և այդ համագործակցությունն օրեցօր ավելի մեծ զարգացում է ստանում, քանի որ «Հայ դպրոցը ստեղծվել է հոգևոր արժեքների շուրջ և հայ դպրոցի մշտական հովանավորն ու պահապանը եղել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»:
"Լավագույն ուսուցիչ" մրցույթին, որն անց է կացվում երկու փուլով` մարզային և հանրապետական, 2010 թվականին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ: Նրանցից 38-ը մասնակցել է հանրապետական փուլին, որոնցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝ երկրորդ, 11-ը՝ երրորդ: Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան