Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց «ԱրմՊրոդէքսպո 2010»-ը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Երևանում բացվեց «ԱրմՊրոդէքսպո 2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը: Ս.Սարգսյանը շրջեց ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացավ սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական և օտարերկրյա ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսեց դրանք:
«ԱրմՊրոդէքսպո 2010» ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները`ոգելից խմիչքներ, հյութեր, պտուղ-բանջարեղենի պահածոներ, հրուշակեղեն, մսամթերք եւ կաթնամթերք, չոր մրգեր, սուրճ, ծխախոտ, պոլիգրաֆիական արտադրանք, փաթեթավորող նյութեր: Ընդհանուր առմամբ, «Արմպրոդէքսպո-2010»-ին մասնակցում են վեց տասնյակից ավելի արտադրական ձեռնարկություններ, արտասահմանյան և տեղական առևտրային կազմակերպություններ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության առաջատար տնտեսվարող սուբյեկտները, ինպես նաև արտասահմանյան ընկերություններ, քանի որ ցուցահանդեսը լայն ճանաչում ունի նաև արտերկրում: «Ցուցահանդեսը կլինի մեկ կարևոր քայլ հայրենական ապրանքների գովազդման, միջազգային շուկաներում դրանց տարածման, տնտեսական կապերի կայացման ու խորացման ուղղությամբ»,-ասաց նախարարը:
«Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն»-ի տնօրեն Արմեն Դավթյանի խոսքերով, ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանում արտադրվող պարենային ապրանքների լավագույն արտադրատեսակները: Ըստ նրա, ավանդական դարձած ցուցահանդեսին նախորդ տարիների համեմատ այս տարի ավելի շատ միջազգային ընկերություններ են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսին մասնակցող 66 ընկերություններից 15-ը միջազգային են: Իրենց արտադրատեսակն են ներկայացրել Բելառուսի, Ավստրիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովենիայի արտադրողները:«Դա խոսում է այլ երկրներում այս ցուցահանդեսի մեծ հեղինակության մասին: Եւ այս ցուցահանդեսը նպաստում է Հայաստանի եւ այլ ընկերությունների միջեւ կապերի հաստատմանը, արտահանման ծավալների ավելացմանը»,- ընդգծեց Ա.Դավթյանը:
Նշենք, որ «Արմպրոդէքսպո-2010» 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը կազմակերպվում է «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության և արտաքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա