Հիմնվում է թուրք-եգիպտական ռազմավարական համագործակցության խորհուրդ
Եգիպտոսի արտգործնախարար Էբուլ Գեյթը պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպել ու բանակցել են մերձավորարևելյան տարածաշրջանի կարևորագույն խնդիրների շուրջ: «CnnTurk» լրատվամիջոցի տեղեկացմամբ`Թուրքիայի և Եգիպտոսի միջև 2007 թվականից «ռազմավարական երկխոսություն» կար: Այժմ այդ հարաբերություններին նոր որակ է հաղորդվելու: Երկու երկրների միջև հիմնվում է Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդ: Իրաքի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի և Ռուսաստանի հետ Թուրքիան արդեն հիմնել է նման խորհուրդներ:
«Աշխատանքներն ավարտել ենք: Պայմանագիրը պատրաստ է իրագործման»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Տեղեկացվում է նաև, որ Դավութօղլուն մի քանի օրից մեկնելու է Վաշինգտոն` ստանալու միջազգային մեծ հեղինակություն ունեցող ամսագրերից մեկի «Foreign Policy»-ի սահմանած մրցանակը: Սպասվում է Դավութօղլուի հանդիպումն ԱՄՆ կառավարության և կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: