Արթուր Աբրահամն ու Կառլ Ֆրոչը մամուլի ասուլիս են անցկացրել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը և բրիտանացի Կառլ Ֆրոչը հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մամուլի ասուլիսը նվիրված էր նրանց միջև նոյեմբերի 27-ին կայանալիք մենամարտին` «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում: Բացի եզրափակչի ուղեգրից, կխաղարկվի նաև WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Առաջին օրերին հաճելի ժամանակ եմ անցկացրել Հելսինկիում: Այստեղ մի քիչ ցուրտ է, բայց դա շաբաթօրյա մարտում չի ազդի իմ պատրաստականության վրա: Ինչ վերաբերում է տարբերություններին ու մարմնի չափերին, ապա պետք է ասեմ, որ ռինգում նշանակություն ունի միայն հոգեբանական կայունությունը: Ավելի լավ ֆիզիկական տվյալներ ունես, թե շատ ավելի ուժեղ ես, կարևոր չէ: Մենամարտում կհաղթի նա, ով ավելի խելոք կգործի»,- հայտարարել է Աբրահամը:
«Շատ ուրախ եմ, որ այժմ գտնվում եմ Ֆինլանդիայում: Ցանկացած մարտում ես միայն հաղթանակի եմ ձգտում: Եթե դրա համար ստիպված լինեմ կոտրել մրցակցի կողոսկրը, ես դա կանեմ: Պատրաստ եմ ամեն ինչի հանուն չեմպիոնական կոչման»,- խոստովանել է Ֆրոչը:
«Արդեն 30 տարի է` զբաղվում եմ պրոմոուտերական գործունեությամբ, և չեմ հիշում մի դեպք, որ այսքան հուզված լինեմ: Չեմ սիրում կանխատեսումներ կատարել, սակայն վստահ եմ, որ Արթուրը շաբաթ օրը կհռչակվի չեմպիոն: Մարզչի հայտարարություններից ելնելով` պետք է շեշտեմ, որ Աբրահամը ֆիզիկական գերազանց մարզավիճակում է գտնվում»,- ասել է հայ բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը:
«Սա երկու հրաշալի մարտիկների մենամարտ է: Երկուսն էլ անչափ հզոր են: Ֆրոչն այստեղ է եկել` վերցնելու այն, ինչ իրեն է պատկանում: Ես այդ մասին ասել եմ նաև նախկինում, բայց պատրաստ եմ կրկնել. Ֆրոչն աշխարհում լավագույն միջինքաշայինն է»,- Ֆրոչի պրոմոուտեր Միկա Հենեսսիի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են