Մեկնարկել է հայոց տպագրության 500-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը Երևանում կանցկացվի հայոց տպագրության 500-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական 5-րդ մրցույթը:
Մրցույթի նպատակն է բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի 2009-2010 թվականների նվաճումները: Միջոցառումը կարող է միջազգային ասպարեզում ներկայանալու հրաշալի հարթակ լինել ոլորտի արտադրողների համար:
2010-ի մրցույթն արդեն թվով հինգերորդն է: Էլեկտրոնային բովանդակության համահայկական անդրանիկ մրցույթը կազմակերպվել է մաշտոցյան գրերի գյուտի 1600 ամյակի առիթով, 2003 թ. և կրել «Մաշտոց 1600» խորագիրը:
Նախորդ չորս մրցույթին ներկայացվել է ավելի քան 800 մուլտիմեդիա աշխատանք: Հաղթողները հնարավորություն են ստացել ներկայանալու Ժնևում (2003 թ), Թունիսում, (2005 թ.), և Դելիում (2007թ) կայացած Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխություններին (WSA-WORLD SUMMIT AWARD), որտեղից Հայաստանի մասնակիցները տուն են վերադարձել միջազգային երեք մրցանակով:
«Հայաստանի առաջատար բջջային օպերատորի համար առաջնահերթություն է մեր երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցելը: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ որակյալ էլեկտրոնային բովանդակություն ստեղծելը կարող է մրցակցային առավելություն հանդիսանալ: Համաշխարհային զարգացումներին համընթաց քայլելու համար, անհրաժեշտ է խրախուսել էլեկտրոնային բովանդակության ստեղծումը և մեր հաջողությունները ներկայացնել աշխարհին: Այս կերպ Հայաստանը կարող է ճանաչվել որպես բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկիր, որն ի վիճակի է համաքայլ գնալ միջազգային միտումներին»,- վստահ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթում նախատեսված է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) կանոնակարգով սահմանված ութ անվանակարգ` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում և էլ.ներգրավում:
Մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվեն ոչ միայն բացարձակ ցուցանիշով ամենաբարձր միավորներ հավաքած լավագույն տասնվեց աշխատանքները, այլև յուրաքանչյուր անվանակարգում լավագույնը ճանաչված երկու աշխատանք: Լավագույն 16-ը կարժանանան դրամական պարգևի, իսկ մրցույթի անվանակարգային հաղթողները կստանան համաշխարհային ամենահեղինակավոր մրցույթին մասնակցելու ուղեգրեր: Ինչպես և անցյալ մրցույթներում, այս տարի նույնպես հաղթողները կարժանանան խոշոր դրամական պարգևների: Էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի մրցանակային ֆոնդը հաստատված է մրցույթի հովանավորների կողմից և կազմում է մոտավորապես 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:
Դրամական մրցանակ է սահմանված (300,000-ական դրամ) նաև ամենաբարձր գնահատված 8 աշխատանքի համար: Հաջորդ ութ տեղերը գրաված աշխատանքներից յուրաքանչյուրի համար սահմանված դրամական մրցանակը կազմում է 150,000-ական դրամ: Նման մրցույթի կազմակերպումն ու դրա շարունակականության ապահովումը կարևոր է համարվում ՏՏ ոլոտում մեր երկրի առկա ներուժը գնահատելու առումով:
Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը և Էլ.բովանդակության ասոցիացիան (ԷԼԲԱ): Հովանավորներն են` ՀՀ կառավարությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը և ՙԱյքան քոմունիքեյշնս՚ ընկերությունը: Միջոցառման գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մրցույթի պաշտոնական վեբկայքում` www.econtentaward.am: Գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 15-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 25-ին: