Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր մեկնում է Շվեյցարիա
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդի հրավերով, այսօր այդ երկիր է մեկնում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ինչպես հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը, փաստը հատկանշական է այն առումով, որ նախագահի մակարդակով առաջին այցն է երկրու երկրների միջև:
Այցի շրջանակներում Գյուլը հանդիպումներ է ունենալու Համադաշնության նախագահ Դորիս Լոյտարդի, Կանտոնների խորհրդի նախագահ Էրիկ Ֆորսթեր Վանինիի, ինչպես նաև Դաշնային ժողովի անդամների հետ:
Քննարկվելիք հարցերի շրջանակը, բացի երկկողմ հարաբերություններից, ներառում է նաև միջազգային ու տարածաշրջանային հարցեր:
Նախատեսված է Գյուլի ելույթը Շվեյցարիայի ազգային խորհրդարանում:
Նշենք, ի թիվս այլ խնդիրների, Անկարայի ու Բեռնի միջև հարաբերությունները լարված են մնում 2003 թ-ին Շվեյցարիայի խորհրդարանի Ստորին պալատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման, ապա դրա ժխտումը քրեորեն պատժելի հսահմանող օրենքների ընդունումից հետո: Ցեղասպանության փաստի ժխտման համար Շվեյցարիայում դատապարտվել են մի քանի թուրք ազգայնականներ, ինչն ավելի էր սրել երկու երկրների միջև հարաբերությունները:
Շվեյցարիան հանդիսանում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի միջնորդ երկիր:
Իչպես ավելի վաղ հայտնել էինք, վերջերս թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դորիս Լոյտարդն անդրադառնալով հայ-թուրքական գործընթացում տեղի ունեցող զարգացումներին և արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում վավերացվելու հավանականությանը` ընդգծել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ սեղանին: