«Գնումների մասին» նոր օրենքը միտված է հիմնախնդիրների լուծմանը. Կ. Բրուտյան
Գնումների համակարգն ամբողջապես ապակենտրոնացվելու է: Գնումների գործակալությունը վերափոխվելու է գնումների աջակցման կենտրոնի, այսինքն` ավելի շատ աջակցելու գործառույթ կունենա, քան կազմակերպման: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Կարեն Բրուտյանը` ներկայացնելով կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Գնումների մասին» օրենքի նոր նախագիծը, որը նախատեսում է դեռևս 2000 թ. ընդունված օրենքում մի շարք փոփոխություններ:
Նա ասաց, որ օրենքի նախագիծն անցել է քննարկումների փուլը, եղել են առաջարկություններ, որոնց մեծ մասն ընդունվել է ու այժմ ներառված է ԱԺ առաջիկա քառօրյայում:
Նոր օրենքով նախատեսվում է նաև այլ փոփոխություններ` օրենքի ընդգրկման շրջանակի ընդլայնում, գնումների բողոքարկման համակարգի գործող մեխանիզմների վերանայում, գնումների գործընթացի հնարավորինս ավտոմատացում, էլեկտրոնային գնումների համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծում, ընթացակարգերի պարզեցում, վարչական միջամտության լծակների հնարավորինս սահմանափակում և այլն:
«Թեև արդեն իսկ ընտրված մոդելը հիմնականում կարելի է բնորոշել նշված ժամանակահատվածում մեր կարիքներին համարժեք և միջազգային չափանիշներին համապատասխանող, բայց համակարգում կառավարության համար տեսանելի էին մի շարք հիմնախնդիրներ` գնագոյացման մեխանիզմների անկատարություն, հակամրցակցային համաձայնություններ, միջնորդավորված գնումներ, գնումների ոչ համարժեք պլանավորման պրակտիկա, պայմանագրերի կառավարման և հսկողության թերի համակարգ և այլն»,- ասաց նա` հավելելով, որ առկա հիմնախնդիրների լուծմանն ու համակարգի արդյունավետության բարձրացմանն է միտված այս նոր օրենքի ընդունումը:
«Լավ պետական գնումների համակարգ ունենալու դեպքում կունենանք ավելի լավ ֆինանսական համակարգ»,- նման համոզմունք հայտնեց կառավարության ներկայացուցիչը:
Ասուլիսին ներկա Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասաց, որ օրենքի փոփոխությունները ժամանակի պահանջն է, քանի որ նախկին օրենքը տեղական արտադրողների շրջանում արդեն թերահավատություն էր առաջացրել: «Օրենքի շրջանակի ընդլայնումը ճիշտ էր և ժամանակի պահանջ էր»,- ասաց նա:
Վ. Սաֆարյանը նշեց, որ օրենքները պետք է համապատասխանացվեն ժողովրդին Հայաստանում պահելու գաղափարին, այսինքն` «ցանկացած օրենք, որ պետք է ընդունվի, պետք է ելակետ ունենանք` ինչ կտա մեր տեղական արտադրողին, կստեղծի նոր աշխատատեղեր, թե ոչ: Այս օրենքը բավականին բարելաված է, բայց կա լուրջ բացթողում. գաղափարախոսության, փիլիսոփայության խնդիր է, որն այս հարցի շրջանակներում չի կարող քննարկվել: Պետք է քաղաքական կամք դրսևորվի` փոխելու տնտեսական քաղաքականությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին