Կոլեգիայի նիստ` ընդդեմ կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների
«Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրի» հանրային լայն քննարկումների համատեքստում այսօր տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով կոլեգիայի անդամներին` նախարարը նշել է, որ համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի` կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է նշված ծրագրի հանրային քննարկումներ` ընդգրկելով հնարավորինս մեծ քանակությամբ շահառուներ: Մասնավորապես, ծրագիրն առաքվել է Ազգային ժողովի «Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով», հանրային խորհուրդ, պետական բուհերի ռեկտորների խորհուրդ, Հայաստանի ուսանողության ազգային ասոցիոցիա և Հայաստանում կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ:
Կրթության և գիտության նախարարության տեղեկացմամբ` մինչև դեկտեմբերի 15-ը հասարակության տարբեր խմբեր հնարավորություն ունեն ծրագրի վերաբերյալ արտահայտել իրենց կարծիքներն ու ներկայացնել առաջարկություններ` ծրագրի լրամշակման նպատակով: Զեկուցումից հետո կոլեգիայի անդամները մի շարք հարցեր են ուղղել կոլեգիայի նախագահին և հիմնական զեկուցողին: Երևանի փոխքաղաքապետ Կ. Արեյանն առաջարկել է համապատասխան փոփոխություններ կատարել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում` տեսչությանը լիազորելով նաև ուսումնական հաստատությունների որակի ստուգման գործառույթով: Ըստ փոխքաղաքապետի` գնահատման մեխանիզմների համատեքստում կրթության որակի բարձրացմանը կնպաստի նաև սովորողների գիտելիքների պարբերաբար ստուգման գործընթացը:
Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման խնդիրներին` նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում, որը, ըստ Ա. Աշոտյանի, կհանգեցնի տարակարգված աշխատավարձերի համակարգին, այսինքն` բարձրորակ կրթություն տրամադրող ուսումնական հաստատությունները պետության կողմից կստանան ավելի մեծ ֆինանսական ներդրումներ, որն էլ, ըստ նախարարի, կխթանի կրթության որակի բարձրացումը և կոռուպցիոն ռիսկերի նվազումը:
Վերջում Ա. Աշոտյանն իր եզրափակիչ խոսքում նշել է, որ կոռուպցիայի առկայությունն այլևս վտանգում է «կրթական համակարգի հայկական մոդելի կենսունակությունը», և նախարարությունը հասարակության աջակցությամբ այլընտրանք չունի, քան կրթության որակի բարձրացմանը զուգընթաց և շաղկապված նվազեցնել կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Նիստի ավարտին կոլեգիան հավանության է արժանացրել ներկայացված ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան