Էրդողանն առաջարկում է ստեղծել «մերձավորարևելյան Շենգեն»
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ էրդողանը հանդես է եկել արաբական երկրների հետ «Շենգենյան գոտի» ստեղծելու նախաձեռնությամբ:
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Լիբանանում ելույթի ժամանակ վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան մուտքի արտոնագիրը չեղյալ համարող համաձայնագրեր է ստորագրել Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի ու Լիբիայի հետ:
«Եվրամիությունը այն կոչում է Շենգեն: Ինչու՞ չենք կարող իրագործել դա մեր միջև», - հայտարարել է Էրդողանը:
«Տարածաշրջանում մենք ունենք ծավալուն նպատակներ: Ցանկանում ենք միայն խաղաղություն, հանգստություն, բարգավաճում ու կայունություն: Թուրքիան իրականցնում է զրո խնդիր հարևանների հետ քաղաքականությունը և անկեղծ է գործում այս հարցում», - ասել է Թուրքիայի վարչապետն ու հավելել. «Թուրքիան մի պետություն է, որի մի կողմը ուղղված է Եվրոպային, բանակցություններ է վարում ԵՄ-ին լիիրավ անդամգրվելու համար: Մյուս կողմից, Թուրքիան անկեղծ հավատում է, որ հնարավոր է մուսուլմանական ինքնությունը սինթեզել եվրոպական արժեքներին»: