Աբդուլլահ Գյուլ. Տարածաշրջանի սառեցված հիմնախնդիրները կարող են հանկարծակի պայթել
Նախօրեին Շվեյցարիա մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Դորիս Լոյտարդի հետ: Այնուհետև նախագահները հրավիրել են համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Գյուլին հարց է ուղղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` Գյուլն անհրաժեշտ է համարել հայ-թուրքական խնդրին առավել լայն հայացք գցելը:
«Հարկավոր է այս հարցին նայել տարածաշրջանի կայունության և Կովկասում սառեցված հիմնախնդիրների լուծման տեսանկյունից, որովհետև սառեցված հիմնախնդիրները կարող են հանկարծակի պայթել»:
Գյուլն ընդգծել է, որ անհնար է աչք փակել այն հանգամանքի վրա, որ «ադրբեջանական տարածքների մի մասը գրավված է»: Ապա հավելել է. «Այս բոլոր խնդիրների լուծումը կհեշտանա, երբ հերթով մեկ առ մեկ լուծվեն: Ես չեմ ուզում դրանք միմյանց շաղկապել, բայց մեծ պատկերը, անշուշտ, պետք է պարզորոշ տեսնել»:
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարական կողմին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ առաջիկայում կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծմանը միտված մի գործընթաց կծավալվի` շեշտելով, որ Թուրքիան վճռական է տրամադրված այդ հարցում:
«Ներկայիս դե ֆակտո դրությունը ոչ մեկի շահերից չի բխում: Նմանապես և Ասիայի ու Եվրոպայի, որովհետև տարածաշրջանի հիմնախնդիրների առկայությունը Կովկասը պատնեշ է դարձնում Եվրոպայի ու Ասիայի միջև: Այդ խնդիրների լուծման ժամանակ բոլոր պատերն ու պատնեշները քանդվելու են և ավելի է ընդլայնվելու համագործակցությունը էներգակիրների կամ այլ հարցերում»,- ասել է Թուրքիայի նախագահը: