Աբդուլլահ Գյուլ. Մենք վճռական ենք արձանագրությունները կյանքի կոչելու հարցում
Թուրքիան վճռական է Առաջին աշխարհամարտի ժամանակ զանգվածային սպանությունների պատճառով շուրջ մեկ դարյա դառնությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: «Ասոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ` երեկ նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` Շվեյցարիա կատարած երկօրյա պաշտոնական այցի ժամանակ:
«Ակնհայտ է, որ այդ հարցերն այնքան էլ հեշտ լուծելի չեն»,- աղբյուրի համաձայն` ասել է Գյուլն ու հավելել. «Սակայն, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ուժի մեջ մտնելու հարցում մենք վճռականորեն հավատարիմ ենք մեր ստանձնած պարտավորություններին»: Նա նշել է, թե իրենք «կշարունակեն ջանքերը, որպեսզի Կովկասում գերիշխի կայուն ու համապարփակ խաղաղություն»:
Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կշարունակի նույն հաստատակամությունը, որպեսզի գործընթացը հաջող ավարտ ունենա»: