ՆԱՏՕ-ի անդամ Մինսկի խմբի երկու երկրները վերահաստատում են, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա
Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի 35-րդ կետում գագաթաժողովը նշեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնավարությանը, և, որ դաշինքը շարունակելու է աջակցել այս տարածաշրջաններում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` առաջնորդվելով վերոնշյալ սկզբունքներով:
Այս դրույթի հետ կապված Հայաստանի Հանրային Ռադիոընկերության «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը պաշտոնական պարզաբանում է խնդրել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի դեսպանատներից` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, միաժամանակ նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշման վերաբերյալ` ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված:
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը պաշտոնապես պատասխանել է. «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ և տևական լուծմանը Մինսկի խմբի գործընթացի միջոցով` Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև նախագահներ Օբամայի, Սարկոզիի և Մեդվեդևի կողմից 2009թ. Լ’Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններով վերահաստատված տարրերի հիման վրա»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության պաշտոնական պատասխանը հետևյալն է.
«Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորմանը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների ` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև նախագահներ Սարկոզիի, Մեդվեդևի և Օբամայի կողմից Լ’Աքվիլայում և Մուսկոկայում արված համատեղ հայտարարություններում ներառված տարրերի վրա»: