Աստվածաբանության ֆակուլտետը 15 տարեկան է
Այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 15-ամյակը:
Առավոտյան ԵՊՀ ղեկավարությունը և Աստվածաբանության ֆակուլտետի ներկայացուցիչները նախ այցելեցին ֆակուլտետի առաջին դեկան, ԵՊՀ պատվավոր դոկտոր, փիլիսոփայության և բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Շահե արք. Աճեմյանի շիրմին, որից հետո օծվեց ֆակուլտետի 15-ամյակին նվիրված, ֆակուլտետի դիմաց կանգնեցված խաչքարը` ի նշան Աստվածաբանության ֆակուլտետի հոբելյանական տարվա:
« «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի շնորհիվ կանգնեցված խաչքարը ի փառս մեր ֆակուլտետի և Երեւանի պետական համալսարանի է: Թող Աստված օրհնի բոլոր նվիրյալներին և զորացնի բարերարներին, մշտապես ուղեկից լինի նրանց կյանքում»,- նշեց Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Բուն միջոցառումը տեղի ունեցավ ԵՊՀ մեծ դահլիճում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տնօրեն Նաթան եպս. Հովհաննիսյանը կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը.
«Մեկ և կես տասնամյակ առաջ Աստծո կամոք բարի արդյունքներով պսակվեցին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման ջանքերը: Նշանակալի իրադարձություն էր ֆակուլտետի հիմնումը, քանզի հայ իրականության մեջ աստվածաբանական եւ կրոնական գիտելիքներ մատուցող առաջին կրթահամալիրն էր: Շնորհ, սէր եւ ողորմութիւն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եղիցին ընդ Ձեզ»:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով ֆակուլտետի հոբելյանի առթիվ` նշեց, որ այս ֆակուլտետը եկեղեցի-պետություն համագործակցության լավագույն օրինակն է:
«Կրթություն-եկեղեցի համագործակցության ծրագրերը կրթության ոլորտում շատ են եւ բազմապիսի: Շնորհակալություն եմ հայտնում այս ֆակուլտետի այն հարյուրավոր շրջանավարտներին, ովքեր աշխատում են հանրակրթական դպրոցներում եւ մեր ապագա սերունդների արժեհամակարգի ձեւավորման մեջ ունեն մեծ ավանդ»,- ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳ նախարարության կողմից Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը եւ ֆակուլտետի երկու հիմնադիր դասախոսներ պարգեւատրվեցին ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալներով, իսկ չորս աշխատակիցներ` պատվոգրերով եւ շնորհակալագրերով:
«Աստվածաբանության ֆակուլտետը անհրաժեշտություն էր ոչ միայն համալսարանական, այլեւ մեր հասարակական կյանքի համար: Աստվածաբանության ֆակուլտետը վերաշինեց այն համագործակցությունը եւ այն սերտ հարաբերությունները, որ ԵՊՀ-ն իր ծննդյան սկզբում ուներ Հայ առաքելական եկեղեցու հետ: Աստվածաբանության ֆակուլտետը չի զանազանվում համալսարանի մյուս ֆակուլտետներից թե՛ իր կարողություններով, թե՛ իր ձիրքով, թե՛ իր մոտեցումներով, այն մեր լավագույն ֆակուլտետներից է, որտեղ գիտության, կրթության, գրահրատարակչական գործը շատ բարձր մակարդակ ունի»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան