Բյուրականի աստղադիտարանի ամենամեծ` 2.6 մետրանոց դիտակն արդիականացման կարիք ունի
Բյուրականի աստղադիտարանի ամենամեծ` 2.6 մետրանոց աստղադիտակի հայելին ալյումինապատման կարիք ունի: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար մասնագետ, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը:
«Որպեսզի անդրադարձման գործակիցը մեծանա դիտակի հայելին պատվում է ալյումինի շատ բարակ շերտով, այդ շերտը ժամանակի ընթացքում քայքայվում է, այժմ այդ շերտը քայքայված է: Ամենաուշը 5 տարին մեկ պետք է հայելին ալյումինապատել»,- ասաց նա:
Նրա խոսքով, այսօր այդ դիտակով ուսումնասիրություններ կատարվում են, սակայն քանի որ դիտակն մեր ժամանակներում արդեն այդքան էլ մեծ հնարավորություններ չունի, դրա համար կատարում են փոքր ծրագրեր:
Ա. Միքայելյանը նշեց, որ այդ դիտակը Բյուրականի աստղադիտարանին ծառայում է 1976 թվականից: «Դիտակը կառուցվել է 60-ական թվականներին, դրա համար այն պատրաստված է այնպիսի տեխնիկական մասերից, որոնք նույնիսկ այժմ չեն արտադրվում: Դրա համար որևէ մաս շարքից դուրս գալու դեպքում, շատ դժվարությամբ ենք այլը հայթայթում»,- ասաց առաջատար մասնագետը:
Հայկական աստղագիտական ընկերության նախագահի խոսքով, դիտակը նոր սարքավորումներով հագեցնելու կարիք ունի, որոնք էլ ավելի կհզորացնեն դիտակի հնարավորությունները: «Մեր դիտակը աշխարհում իր մեծությամբ 45-րդ տեղում է, քանի որ աշխարհում արդեն ստեղծվել են 8 և 10 մետրանոց դիտակներ: Սակայն 70-ական թվականներին այն իր մեծությամբ աշխարհում 7-րդն էր»,- ասաց նա և հավելեց, որ աշխարհում նոր դիտակներ են ստեղծվում, իսկ մենք մերը նույնիսկ հզորացնել չենք կարողանում: Նշենք, որ աշխարհի ամենամեծ 10 մետրանոց դիտակը գտնվում է Կանարյան կղզիներում:
Ա. Միքայելյանը նշեց, որ Հայաստանում ավելի խոշոր դիտակ կառուցելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ: «Եթե մենք ուզում ենք աստղագիտության ոլորտում մեր առաջատար դերը պահպանենք պետք է էլ ավելի հզորացնել մեր տեխնիկան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան