Հայ-ռումինական կապերն առավել խորացնելու հարցեր են քննարկել Դանիել Պատրաիրքն ու դեսպանը
Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) նախօրեին ընդունել է Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին:
Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Ջերմ և բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվել են երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերն առավել խորացնելու և ամրացնելու հարցեր: Ընդգծվել է, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը:
Ն.Ե. Դանիել Պատրիարքն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես հոգևոր կրթության և դաստիարակության բնագավառում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխադարձաբար հայերենի ու ռումիներենի խորացված ուսուցմանը և մասնագետ կադրերի պատրաստմանը:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում`ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման և լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկացրել է Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը կարճ հաղորդումով հանդես է եկավ մամուլի առջև:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան