Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն այլ մեկնաբանություն է ստանում. Քաղաքագետը մեկնաբանում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Աստանայում արված հայտարարության մեջ կատարած նշումը, թե ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը պետք է հիմնվի նաև ՄԱԿ-ի կանոնադրության վրա, կարգավորման գործընթացի, առնվազն` դրա հրապարակային կողմի նոր տարր է, որը կարելի է միայն ողջունել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը` մեկնաբանելով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների տարածած հայտարարության մեջ ՄԱԿ կանոնադրությանը հղում անելու փաստը:
«Այս նորամուծությունը բխում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերից: Բանն այն է, որ ՄԱԿ կանոնադրությունը, որը միջազգային իրավունքի համակարգում ունի գերակա ուժ, բավականին հստակ կարևորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», -հավելեց քաղաքագետը:
Մինասյանը, վկայակոչելով նույն փաստաթղթի 1-ին հոդվածը, որտեղ ամրագրված են կազմակերպության հիմնական նպատակները, ի թիվս երեք այլ նպատակների (որոնք վերաբերում են միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը, տնտեսական, սոցիալական և հումանիտար հարցերում միջազգային համագործակցությանը) ասաց, որ այնտեղ նաև նշվում է. «Զարգացնել ազգերի միջև բարեկամական հարաբերությունները` ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա, ինչպես և համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու ուղղությամբ համապատասխան այլ միջոցառումներ ձեռնարկել»:
Քաղաքագետի պնդմամբ, տարածքային ամոբղջականության սկզբունքը ՄԱԿ կանոնադրության մեջ նման բարձր կարգավիճակ չունի:
«Ի դեպ, հենց այս իրողության հետևանքն է այն փաստը, որ Միավորված ազգերը կազմավորման ժամանակ, ընդգրկելով այդ ժամանակվա գրեթե բոլոր պետական կազմավորումներին, ուներ 52 անդամ, իսկ այսօր դրանց թիվը հասնում է 200-ի», -նկատեց նա:
Մինասյանի խոսքով, ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը արգելում է ուժի ու դրա սպառնալիքի կիրառումը, այդ թվում նաև վերը նշված նպատակների հետ անհամատեղելի պարագաներում:
«Բնականաբար, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն այս լույսի ներքո միանգամայն այլ մեկնաբանություն է ստանում և, եթե անհրաժեշտություն կա վերջնական կարգավորումը համապատասխանեցնել ՄԱԿ կանոնադրությանը` կնշանակի գնահատականներ պետք է տրվեն հակամարտության ծագման ու ակտիվ փուլում կողմերի գործողություններին և դրանց հետևանքներին, մասնավորապես` ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման փաստին և դրանից հետո ԼՂՀ դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: Այստեղ արդեն, կարծում եմ, կարելի է ուղղակի զուգահեռներ անցկացնել Հաագայի դատարանի Կոսովոյի հարցով այս տարվա որոշման հետ», -հավելեց մեր զրուցակիցը: