Radikal. Ալիևի արարքի պատճառով օրակարգ է եկել Հայաստան-Թուրքիա մերձեցումը
Երբ «Wikileaks»-ը հրապարակեց ամերիկացի դիվանագետների պաշտոնական գրագրությունները և պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահը բավականին վատ է արտահայտվել Թուրքիայի մասին, թուրքական մամուլում Ալիևի արարքը մեկնաբանեցին որպես «դավաճանություն», «հարված թիկունքից», «կեղծ եղբայրություն» և այլ կերպ: Այժմ էլ թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, որոնք դիմակազրկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` թուրքերի հանդեպ ցուցաբերած եղբայրական երեսպաշտությունը:
Մասնավորապես «Ռադիքալ» (Radikal) պարբերականը «Ալիևի հետ եղբայրության ցնցող գաղափարը» հեգնական հոդվածում ընդգծում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը փաստորեն դժգոհ է թուրքական իշխանություններից, ինչի մասին էլ ասել է օտարերկրացի դիվանագետներին:
«Ալիևը չի ցանկացել, որ Թուրքիան դառնա գազի բաշխիչ հանգույց: Այդ զարգացումն իր հերթին օրակարգ է բերել Հայաստան-Թուրքիա մերձեցման հարցը»,- գրում է «Radikal»-ը և հիշեցնում, որ Թուրքիային արհամարհանքով վերաբերված այդ նույն Ադրբեջանը Ռուսաստանի հետ 500 միլիոն խորանարդ մետր գազի վաճառքի պայմանագիր է ստորագրել: