Գյուլը Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Աստանայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) լրատվական կայքը: Հանդիպման ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են կովկասյան տարածաշրջանի խնդիրները: Գյուլն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Վրաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ ընթացող բանակցությունները Մեդվեդևի նախագահության ընթացքում արագացել են:
«Մենք հաճախ ենք հեռախոսով խորհրդակցում այդ թեմաների շուրջ: Անշուշտ, դրանց լուծման գործում Թուրքիան կարևոր դերակատար է»,- ասել է Գյուլն ու հավելել, որ տարածաշրջանի հիմնախնդիրները դիտում է մի մեծ ընդհանուր շրջանակի մեջ: Ըստ նրա անհրաժեշտություն կա, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հիմնախնդիրները լուծվեն հենց այդ մեկ մեծ շրջանակում, որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին: Թուրքիայի նախագահը նշել է, որ ներկայիս իրավիճակը չի բխում ոչ Թուրքայի, ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի, ոչ էլ Ռուսաստանի շահերից: «Այդ առումով մենք կիսում ենք մեր տեսակետները և շարունակելու ենք բանակցությունները»:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ Գյուլն ասել է, որ ոչ մի գործընթաց էլ մահացած չէ, իրենք վճռական են` շեշտելով, որ ինչ էլ լինի և ինչպիսի ճանապարհներով էլ լինի, կարևորը աշխատելն է: Ըստ նրա` դժվար խնդիրները ակնթարթորեն չեն լուծվում: «Մենք պահպանում ենք մեր վճռականությունը և կարևորում ենք բոլորի շահերից բխող լուծման տարբերակը: Այդ հարցերի լուծումը ձգձգելը հղի է վտանգներով: Բոլորը պետք է հիշեն Վրաստանի ու Ռուսաստանի միջև 2 տարի առաջ տեղի ունեցածը: Անհրաժեշտ է կանխել նման բաները»,- ասել է Թուրքիայի նախագահը: