Նոր առաջարկ աշխատանք փնտրողներին` «Orange»ից
Orange-ը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են ընկերությունում աշխատանքով կամ ստաժով, առաջարկում է դիմել առցանց` ստեղծելով Հայաստանում առաջին նմանօրինակ համակարգը: Այսուհետ job.orangearmenia.am կայքում կարելի է ոչ միայն լրացնել դիմում-հայտը ներկայում թափուր և պարզապես դիմողին հետաքրքիր աշխատատեղի կամ հայտարարված պրակտիկայի հնարավորության համար, այլ նաև թարմացնել տվյալները և հետևել դիմումի և հարցազրույցի պատմությանը անձնական հաշվի միջոցով:
Ընկերության տեղեկատվության համաձայն, ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նշել է, որ մեկ տարվա ընթացքում իրենք բաժանորդներին բազմաթիվ նորարարություններ են ներկայացրել: «Այժմ ցանկանում ենք մեր նորարարական մոտեցումը տարածել նաև այլ ոլորտներում, մասնավորապես աշխատանքի ոլորտում: Այս գործիքի շնորհիվ մեզ դիմողները կարող են ոչ միայն առանց տեղաշարժվելու աշխատանքի դիմել Orange-ում, այլ նաև օգտվել Orange-ի` միջազգային ընկերություն լինելու առավելությունից, քանի որ կարելի է դիմել աշխատանքի կամ պրակտիկայի համար ոչ միայն Orange Արմենիայում, այլ նաև մեր մայր ընկերությունում` Ֆրանս Տելեկոմ Խմբում»,-ասել է նա:
Չնայած այն բանին, որ Orange-ի թիմն արդեն հիմնականում ձևավորված է, և մեծ հավաքագրման փուլն ավարտված է, ընկերությունը պարբերաբար ունենում է թափուր աշխատատեղեր: Orange-ը ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնք հաճախ ոչ ճիշտ և չհամակարգված են հասնում ընկերության մարդկային ռեսուրսների բաժին: Այսուհետ յուրաքանչյուր թեկնածու, կայքում ուսումնասիրելով ընկերության կառուցվածքը, կարող է գտնել իրեն հետաքրքրող աշխատանքը և դիմել կոնկրետ աշխատանքի համար:
Նշենք, որ համակարգը թեստային ռեժիմով աշխատել է արդեն հոկտեմբեր ամսից: Երկու ամսվա ընթացքում Orange-ն առցանց համակարգի միջոցով ստացել է մոտ 1500 դիմում, որոնք արդեն ընկերության տվյալների բազայում են: