Պլասիդո Դոմինգոն հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբին իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյին:
Մինչ հանդիպումը ի պատիվ հանրահայտ տենորի այցի` աշխարհում հաշմանդամների միակ կամերային երգչախումբը` «Փարոս»-ը, ԱԺ բակում կատարեց Կոմիտասի հայտնի ստեղծագործություններից: Իսպանացի տենորը շնորհակալություն հայտնեց երգչախմբի անդամներին` նշելով, որ տպավորված է նման ընդունելությամբ:
«Սա ինձ համար անակնկալ էր: Միշտ ներդաշնակ եղեք երաժշտության հետ, որովհետև դա մարդկանց միավորում է, նոր կյանք է ստեղծում: Երբ ամեն առավոտ արթնանում ես երաժշտության հետ ներդաշնակ, կյանքն այնպես լավ է թվում: Շարունակեք այդպես»,- հորդորեց պարոն Դոմինգոն:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երգչախմբին անակնկալ մատուցեց` հրավիրելով մասնակցելու աշխարհահռչակ տենորի՝ վաղը կայանալիք համերգին, իսկ պարոն Դոմինգոն իր հետ համատեղ կատարմամբ հանդես գալու առաջարկ արեց:
Նշենք, որ մինչ աշխարհահռչակ տենորի այցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը զրուցեց հաշմանդամների կամերային երգչախմբի` «Փարոս»-ի անդամների հետ և հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ հերթական անգամ նվիրատվություն կատարեց երգչախմբին:
Այնուհետև տեղի ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Պլասիդո Դոմինգոյի առանձնազրույցը:
Ողջունելով տաղանդավոր արվեստագետին` Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մաեստրոյի այցը բացառիկ իրադարձություն է Հայաստանի մշակութային կյանքում : ԱԺ նախագահը նշեց, որ մեծ երգիչը Հայաստանում բազմահազար երկրպագուներ ունի և սա լավագույն հնարավորությունն է հայ երաժշտասեր հասարակության համար ունկնդրելու բարձրակարգ և որակյալ դասական երաժշտություն: Հովիկ Աբրահամյանը Պլասիդո Դոմինգոյին առաջարկեց կրկին այցելել Հայաստան իր աշխարհահռչակ մյուս գործընկերների հետ և հանդես գալ համատեղ համերգով, որոնց թվում կլինի նաև մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրը, ում հետ պարոն Դոմինգոն բազմիցս ելույթ է ունեցել:
Պլասիդո Դոմինգոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել հազարամյա պատմություն և ավանդույթներ ունեցող երկրում և հանդես գալ հայ հանդիսատեսի առջև:
Նա սիրով ընդունեց Ազգային ժողովի նախագահի հրավերը կրկին այցելել Հայաստան եւ հանդես գալ Շառլ Ազնավուրի հետ համատեղ համերգով: Աշխարհահռչակ տենորը նշեց, որ ինքը գլխավորում է «Մեր Եվրոպա» ասոցիացիան, որը զբաղվում է համաշխարհային մշակութային արժեք ներկայացնող ժառանգության վերականգնմամբ և պահպանմամբ` պատրաստակամություն հայտնելով Հայաստանում գտնվող պատմամշակութային լավագույն արժեքները նույնպես ընդգրկել ասոցիացիայի ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում