ՀՀ ԱԺ նախագահը ԱԺ Պատվո մեդալով պարգևատրեց Պլասիդո Դոմինգոյին
Այսօր ՀՀ Ազգային ժողով էր այցելել «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում գտնվող համաշխարհային համբավ ունեցող իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ հանրահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն պարգևատրվեց ԱԺ Պատվո մեդալով` համերգային ծրագրով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կապակցությամբ:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մեծարգո պարոն Դոմինգո, մեզ համար մեծ պատիվ է Հայաստանի Ազգային ժողովում հյուրընկալել Ձեզ նման համաշխարհային մեծության աստղի: Հարգելի մաեստրո, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ավանդաբար Պատվո մեդալի է արժանացնում գործունեության տարբեր ոլորտներում մեծ վաստակ ունեցող անհատների: Երգարվեստի բնագառավում Դուք առաջինն եք արժանանում Հայաստանի խորհրդարանի բարձրագույն այս պարգևին այդ ոլորտում մարդկությանը մատուցած մեծ ծառայությունների համար: Ուզում եմ հուսալ, որ Ձեր բարձր տիտղոսների ու պարգևների կողքին Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալը կունենա իր ուրույն տեղը` նկատի ունենալով, որ այն իր մեջ կրում է մեր ջերմ զգացումն ու երախտիքը Ձեր արվեստի նկատմամբ:
Սիրելի բարեկամ, Ձեր արվեստը ավելի քան 40 տարի հմայում է աշխարհի բազմաթիվ երկրների ունկնդիրների: Թեև Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, սակայն մեր երկրում ևս Ձեր բարձր արվեստի ու հզոր ձայնի բազում երկրպագուներ ունեք: Մեր հիշողությունից անջնջելի են Ձեր օպերային 128 դերերգերն ու, իհարկե, հանրահայտ «Երեք տենոր» նախագծի շրջանակներում Լուչիանո Պավարոտտիի ևԽոսե Կարերասի հետ ելութները: Դրանց հետևել ենք առավելապես հեռուստատեսությամբ, սակայն այսօր, մեզ բախտ է վիճակվել անմիջականորեն հաղորդակից լինելու Ձեր բարձր արվեստին: Շնորհակալ եմ, որ համերգային շրջագայությունների հագեցած Ձեր ծրագրում ներառել եք նաև Հայաստանը և ելույթ եք ունենալու հայաստանյան բեմում: Ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ հայ ունկնդիրը գիտի գնահատել բարձր արվեստը և հավատացած եմ, որ Դուք էլ բավականություն կստանաք այդ հաճելի արձագանքից: Եվ Ձեր երևանյան համերգը, վստահ կարող եմ ասել, որ մեր մշակութային կյանքի շրջադարձային իրադարձություններից է»:
Շնորհակալություն հայտնելով նման բարձր պարգևի արժանանալու համար` պարոն Դոմինգոն նշեց, որ Հայաստան իր այցելությունը ուշացած է, քանի որ երկար ժամանակ ցանկություն է ունեցել այցելել Հայաստան: Նա հույս հայտնեց, որ առաջին համերգը հիմք կդնի ապագա շարունակական ու գեղեցիկ նոր նախագծերի համար: Հանրահռչակ տենորը նշեց, որ իր կապը հայերի եւ Հայաստանի հետ եղել է մանկությունից, որովհետեւ իր ծնողները եղել են երգիչներ, մայրը Փարիզում երգեցողության դասեր է անցել տիկին Բաբայանի մոտ:
«Այնպես, որ իմ առաջին ծանոթությունը, ընդհանրապես արտաքին աշխարհի հետ, եղել է Հայաստանը: Իսպանիայից հետո առաջինը ես իմացել եմ Հայաստանի մասին»,- ընդգծեց նա: Պարոն Դոմինգոն ուրախությամբ նշեց, որ իր ընկերների թվում են մեծն Շարլ Ազնավուրը, Բարսեղ Թումանյանը և այլ հայտնի հայորդիներ, նա Արամ Խաչատրյանի մեծ երկրպագուն է: Լինելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանման նպատակով ստեղծված «Եվրոպան միասին» ասոցիացիայի նախագահ` նա հորդորեց մշակութային հնագույն ժառանգություն ունեցող հայ ժողովրդին հետևողականորեն պահպանել այդ հարստությունը:
«Իմ և ասոցիացիայի անունից ես ուզում եմ հույս հայտնել, որ Կովկասի տարածաշրջանը, որը գտնվում է Արևելյան Եվրոպայի եւ Արևմտյան Ասիայի խաչմերուկում, կլինի խաղաղության և բարգավաճման կենտրոն, կկարողանա իր հազարամյա ժառանգությունը պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին: Շատ շնորհակալություն և հուսով եմ, որ օրերից մի օր դուք կլինեք իմ հին ընկերները»,- ավարտեց իր խոսքը աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն:
Վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգը: «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Համերգը կայանալու է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «ԱԺ բաց դռներ» ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան