Դեկտեմբերի 8-ից կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը
Դեկտեմբերի 8-ին Էրեբունի պլազա հյուրանոցում կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով, ծրագրի նպատակն է խթանել համակարգիչների տարածումն ու ինտերնետային օգտագործումը հանրապետությունում, ինչպես նաև բարձրացնել իրազեկության մակարդակը ՏՏ բնագավառում:
Ըստ նրա, արդեն քարտեզագրվել է հանրապետության տարածքը, ուսումնասիրվել են հազարից ավելի խանութներ, որից նախնական ընտրվել է 40-ը` որպես վաճառակետեր: «Բայց պետք է հասնենք նրան, որ գոնե ամեն մի բնակավայրում մեկ վաճառակետ լինի»,- նշեց Բ.Ենգիբարյանը:
Նրա խոսքերով, ծրագրի մեկնարկին կներկայացվի նրա կատալիտիկ դերը: «Ծրագրի փորձնական փուլի մեկնարկի ժամանակ համակարգիչ վաճառողների մոտ մտահոգություն կար, որ շուկան կխաթարվի, այդ ծրագրից բացի մարդիկ այլ համակարգիչներ չեն գնի, սակայն պարզվեց, որ ծրագրից դուրս ընդհանուր վաճառքի շուկան եռապատկվել է»,- ընդգծեց Բ.Ենգիբարյանը:
Նշվեց նաև, որ ծրագրով նախատեսվում է տարեկան միջինը 10 հազար համակարգիչ վաճառել:
Հիշեցնենք, որ 2009թ.-ի սեպտեմբերից իրականացվել է ծրագրի պիլոտային փուլը, որի շրջանակներում Երևանում, Գյումրիում և Վանաձորում վաճառվել է ավելի քան 4000 համակարգիչ: