ԵՄ նիստում ցուցադրվել է ֆիլմ, թե ինչպե՞ս են ադրբեջանցիները քանդում Ջուղայի խաչքարերը. եվրոպացիներն ավելի քան տպավորվել են
Դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ նիստը, որի օրակարգում ներառված էին մի շարք հարցեր, որոնք դուրս են նաև ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակից: Բրյուսելից Panorama.am-ի հետ զրույցում Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը որոշակիորեն պարզաբանեց այդ հանդիպման մանրամասներն ու շեշտադրեց Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող քննարկումները:
Նախ, տիկին Զոհրաբյանը փոխանցեց, որ եվրոպացի պատգամավորներին ամենից շատ հետաքրքրել են «Ընտրական օրենսգրքում» նախատեսվող փոփոխությունները, ոստիկանական ու դատաիրավական համակարգերում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմատիկան:
«Հայաստանի քաղաքական ասպեկտին վերաբերող հիմնական քննարկումները ծավալվեցին «Ընտրական օրենսգրքի» շուրջ և պետք է հատուկ շեշտեմ, որ դրանք բավականին արդյունավետ էին»,- նշեց Ն.Զոհրաբյանը:
Սակայն ամենից շատ պատգամավորը կարևորեց մի նախաձեռնություն, որ հայկական կողմը ցուցաբերել է թերևս առաջին անգամ.
«Ես ունեի արդեն նախնական պայմանավորվածություն մյուս կողմի համանախագահի հետ և առաջին անգամ Եվրախորհրդարանի նիստում ցուցադրվեց «21-րդ դարի վանդալները. Ջուղա» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում և ցուցադրում է, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում Ջուղայի պատմական գերեզմանաքարերն ու խաչքարերը… Կարծում եմ, իսկապես տպավորիչ է, երբ մարդիկ փաստային իրողությունը սեփական աչքերով են տեսնում»,- տեղեկացրեց Panorama.am-ի զրուցակիցը:
Նշենք, որ վերոհիշյալ ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ջարդում խաչքարերը:
Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, առավել ևս, որ պատվիրակության անդամ էր նաև բուլղարացի «հանրահռչակ» Կիրիլովը, որը վերջերս ԼՂ-ի վերաբերյալ մի բանաձև էր ներկայացրել` կողմնակալ տեսակետներով լի: Եվ այս իմաստով, փոխանցեց մեր զրուցակիցը, եվրոպացի պատգամավորներից մեկն իր ելույթում ընդգծել է, թե «երբևէ այլևս նման բան չի կրկնի» և իրենք ավելի ուշադիր ու հանգամանալից կլինեն, քանի որ այն, ինչ ներկայացրել էր Կիրիլովը իր բանաձևում «ուղղակի խեղաթյուրում է իրականությունը և այն, ինչ տեսել է Արցախում»:
Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի 11-րդ նիստի ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը Ն.Զոհրաբյանի խոսքով շատ ծանրակշիռ ու լուրջ փաստաթուղթ, իսկ դրա մանրամասները պատվիրակությունը Երևան ժամանելուն պես առանձին մամլո ասուլիսում կներկայացնի հասարակությանը. «Եթե գնահատելու լինեմ պատվիրակության աշխատանքը, պետք է ասեմ, որ այն շատ լավ աշխատեց որպես մեկ միասնական թիմ և որպես դրա արդյունք` հայտարարությունը կարելի է գնահատել իբրև խիստ ծանրակշիթ փաստաթուղթ»,- հավելեց նա: