ArmNet Awards 2010- ի Գլխավոր մրցանակին արժանացել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի վեբ կայքը
Մոտ մեկ ժամ առաջ ավարտվեց ArmNet Awards 2010 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 7 անվանակարգերում, ինչպես նաև հատուկ մրցանակ հանձնվեց Orange-ի կողմից լավագույն մոբայլ կայքի համար:
«Դիզայն և հարմարավետություն » անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://bg.am կայքը: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:
« Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://www.rate.am կայքը:
«Լավագույն նորարարություն» անվանակարգում ժյուրին միաձայն լավագույնը ճանաչեց http://e-gov.am կայքը: Բարձր գնահատվեցին այս նախագծի շրջանակներում ներդրված էլեկտրոնային գործիքները, որոնք ժողովրդավարացման լուրջ հիմք են ստեղծում`հիմնվելով նորագույն տեխնոլոգիական լուծումների վրա:
«Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթողը դարձավ http://parajanovmuseum.am կայքը:
«Լավագույն բովանդակություն » անվանակարգը, որը թերևս ամենաերկար քննարկումներն էր առաջացրել ժյուրիի անդամների կազմում, հանձնվեց http://armcomedy.com կայքին` որպես թարմ ոճ ու օրիգինալ մոտեցում ունեցող և հասարակական հնչողության թեմաներ արծարծող կայք:
Orange-ի հատուկ մրցանակը, որը նախատեսված է կայքի լավագույն մոբայլ տարբերակի համար, հանձնվեց mobile.a1plus.am կայքին:
ArmNet Awards 2010 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parajanovmuseum.am կայքը:
« Ընտրությունը ժյուրիի համար շատ բարդ է եղել, քանի որ բազմաթիվ կայքեր արժանի էին հայտնվել առաջին տեղում, սակայն շահելով ժյուրիի համակրանքը մի տեսանկյունից` այնուամենայնիվ զիջում էին մի շարք այլ պարամետրերով:
Այդ պատճառով գերադասել ենք ընտրել համաչափ կառուցված և զարգացող կայքերը: Հաշվի առնելով Հայաստանում ինտերնետի կտրուկ զարգացման միտումները` վստահ ենք, որ այս տարվա մասնակիցները և հաղթողները հաջորդ տարի կրկին կմասնակցեն մրցույթին, և անկասկած մեծ փոփոխություններով` ժամանակին համընթաց»,- ասաց Ժյուրիի նախագահ, Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մրցանակաբաշխության ավարտին «Հայաստանի ինտերնետի զարգացման գործում ունեցած ավանդի համար » հատուկ շնորհակալական մրցանակ հանձնվեց freenet.am կայքին: