Կրքեր` Ադրբեջանի մասին տպագրված աղմկահարույց գրքի շուրջ
Ադրբեջանի իշխանությունը Թուրքիայից պահանջել է ձերբակալել երկար ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամուլի գծով խորհրդական աշխատած Թուրղութ Էրին` Հեյդար Ալիևի մասին պատմող` «Ազատությունից բռնապետություն» գրքի համար: Ադրբեջանի իշխանությանը զայրացրել է նախկին նախագահ Հեյդար Ալիևի մասին այդ գրքում բերված ողջ ճշմարտությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազադլիգ» պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ մի քանի օր է, ինչ իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքներն ու մամուլը քարկոծում են գրքի հեղինակին: Իշխանությունը նաև լուրջ ջանքեր է գործադրում, որպեսզի Թուրքիայի պաշտոնյաները Թուրղութ Էրի գրքի վերաբերյալ հանդես գան Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության կարծիքից չտարբերվող հայտարարություններով: Սակայն ջանքերն ապարդյուն են անցնում:
Նախ, Բաքվում Թուրքիայի դեսպանանատունը «կուլ չգնաց» ադրբեջանական իշխանությունների հրահանգին` ասելով, որ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ նաև Թուրղութ Էրը ազատորեն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունը փորձեց Թուրղութ Էրի դեմ խոսեցնել Թուրքիայի Հանրապետության կառավարության մամուլի և տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Մուրադ Քայային, որն էլ ի վերջո հայտարարեց, որ Թուրքիայում մամուլն ազատ է, և իրենք չեն կարող միջամտել կամ խոչընդոտել նրա աշխատանքին:
Թերթին հայտնի է դարձել, որ Թուրքիայում 1995 թ.-ին տեղի ունեցած մարտյան իրադարձություններից հայտնի դեմքերից մեկը, ներկայում Ստամբուլի համալսարանի դասախոս Ֆերման Դեմիրգոլը նույնպես գիրք է գրում Ադրբեջանի մասին:
«Ենի Մուսավաթ» թերթին այդ մասին հայտնել է ինքը` Դեմիրգոլը: Նրա խոսքով, նոր գրքում ինքն անդրադառնալու է «Ադրբեջանին դավաճանողներին»: Անդրադառնալով Թուրղութ Էրի գրքին` Դեմիրգոլը հավելել է, որ «Ազատությունից բռնակալություն» գրքի հրապարակումից խիստ անհանգստացած` Ադրբեջանի իշխանությունն ամեն բան անում է` գիրքը Թուրքիայում վաճառքից հանելու համար: «Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները սկսել են «Ազատությունից բռնակալություն» գիրքը խանութներից ամբողջությամբ գնել», -հայտարարել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում