ՀԽ-ը նախագահին է ներկայացրել հանրակրթական ոլորտում առկա խնդիրները. «Նկատեցինք շատ մտահոգ և շատ հոգատար վերաբերմունք»
Հանրային խորհրդի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովի անդամներն այսօր հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ ու ներկայացրել հանրային կարգի կարևորագույն ոլորտներից մեկում` կրթության ոլորտում ձևավորված խնդիրները: Քննարկման ընթացքում առանձնացվել է միայն հանրակրթական հատվածը ու ներկայացվել են մի շարք հարցեր, հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանը:
Մասնավորապես. այսօր սկզբնական դպրոցը 4-ամյա է, միջինը` 5-ամյա, ավագ դպրոցը` 3-ամյա: Կրթական ծրագրի ծավալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միգուցե ավելի նպատակահարմար կլիներ ունենալ` 3, 6, 3 կտրվածքով դպրոց, ինչը, ըստ ՀԽ անդամների, հնարավորություն կտա թեթևացնել և աշակերտների, և ուսուցիչների ծանրաբեռնավածությունը: Հանդես են եկել նաև գյուղական շրջանների դպրոցները կադրերով ապահովելու, հեռուսատեսությունը կրթական գործընթացներում օգտագործելու և այլ խնդիրների վերաբերյալ հարցադրումներով:
ՀԽ անդամ, ԿԳ նախկին նախարար Էդվարդ Ղազարյանն ասաց, որ նախագահի կողմից երկու հարց անմիջապես դրական արձագանքի արժանացավ` ուսումնական հաղորդումներին վերաբերող առաջարկությունները, ինչպես նաև` վճարովի համակարգում սովորող այն ուսանողների համար, որոնց ծնողները (և հայրը, և մայրը) աշխատում են լեռնային, նախալեռնային, սահմանամերձ շրջանների դպրոցներում, սահմանել առնվազն 50 տոկոս զեղչ:
Խ. Հարությունյանը նաև ասաց, որ ՀԽ կողմից ներկայացված հարցադրումներին պատասխանել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: «Ստացվեց շատ կոնստրուկտիվ բանավեճ: Ինքս բավարարված եմ նախարարի շատ ու շատ մեկնաբանություններով: Քննարկման արդյունքում ձևավորվեց մի մոդել, որը նախագահն էլ հորդորեց. Հանրային խորհուրդը նախարարության հետ միասին շարունակելու են բարձրացված հարցերի շուրջ աշխատանքը ու, կարծում եմ, հաջորդ հանդիպումների ժամանակ հնարավորություն կունենանք ներկայացնել համատեղ աշխատանքի ձեռքբերումները»,- ասաց նա:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ ՀԽ ներկայացրած հարցադրումները բովանդակալից էին, բայց նաև անկեղծացավ ու ասաց. «Ամեն ինչ չէ, որ միանգամից կարող ենք ընդունել: Եղան առաջարկություններ, որոնք դժվարությամբ են ընկալվելու, կամ ընդհանրապես մենք դիտում ենք, որ կիրառելի չեն: Բայց մենք պատրաստ ենք միասին աշխատել Հանրային խորհրդի հետ ու առաջարկությունները կյանքի կոչել»:
«Մենք բոլորս առաջնորդվում ենք կարևոր թեզով` հանրակրթությունը հանդիսանում է մեր հանրային կյանքի, ազգային անվտանգության ամենակարևոր բաղկացուցիչը, ինչը չի կարող մնալ դուրս մնալ ուշադրության կենտրոնից: Ամենակարևորը այն էր, որ չգտնվեց մեկ հարց, որը վրիպել նախագահի ուշադրությունից: Նկատեցինք շատ մտահոգ և շատ հոգատար վերաբերմունք: Սա շատ էական է, քանի որ բոլոր հարցադրումները ակնհայատորեն արաժանացան նախագահի հավանությանը»,- ասաց Խ. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան