Ամերիկացի դիվանագետների գրառումների հրապարակումը՝ որպես լավ քողարված քարոզչությո՞ւն
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է «Wikileaks»-ի զրպարտանք պարունակող գաղտնի նյութերի հրապարակման մեջ: Այս մասին տեղեկացնում է «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքը:
Նշենք, որ հրապարակված նյութերում, ամերիկացի դիվանագետները պետքարտուղարությանը հղած գրառումներում մեղադրել են Էրդողանին կոռոպցիայի մեջ խրված լինելու և իսլամիզացիայի շարժմանը հարելու մեջ: Այդ նյութերում հրապարակումներ են եղել նաև Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիայի ղեկավարների առնչությամբ հնչեցված վիրավորանքների մասին:
Թուրքիայի վարչապետը դատապարտել է ամերիկացի դիվանագետների նման պահվածքը՝ թուրք ղեկավարների վերաբերյալ արտահայտած կարծիքների առնչությամբ:
Նրա խոսքերով՝ ամերիկյան դիվանագետների գրառումների վերաբերյալ հրապարակումները «քարոզչություն» են՝ ուղղված ԱՄՆ-ի և նրա գործընկերների հարաբերությունների վատթարացմանը: «Միթե սա նման չէ լավ քողարված քարոզչության»,- հայտարարել է վարչապետը: