«Երևանյան հեռանկարներ»-ը շարունակելու է «նույն որակի մեջ ու դեպի ավելի բարձր»
Կամերային երաժշտության տանը այսօր «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու աշխարհի լավագույն ժամանակակից երաժշտության քառյակներից «Արդիտտի կվարտետի» համերգը (Լոնդոն): Այս մասին Panorama.am-ի թղթակից հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը` հավելելով, որ այս համերգով եզրափակվելու է «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը:
Իսկ թե «Երևանյան հեռանկարներ» 12-րդ փառատոնը ի՞նչ անակնկալներ է մատուցելու հայ հանդիսատեսին հարցին, նա պատասխանեց, որ հաջորդ տարի նույնպես լինելու են շքեղ համերգներ` «նույն որակի մեջ ու դեպի ավելի բարձր», թեև կոնկրետ անուններ չնշեց: «Հաջորդ տարվա համար արդեն մի քանի կոնկրետ համերգներ ունենք նախատեսած, թեև բանակցությունները շարունակվում են: Մինչև տարեվերջ պարզ կլինի»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն ունեցավ հայ բեմի վրա տեսնել ու լսել այնպիսի համաշխարհային մեծությունների, ինչպիսք են ջութակահար Պինհաս Ցուկերմանը, ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը, երաժիշտ Գորան Բրեգովիչը իր նվագախմբով, իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն, շվեյցարական Aquatuor և pre-art խմբերը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնը ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր փառատոների շարքին իր բարձր գեղարվեստական մակարդակի և տևականության շնորհիվ։ Արդեն 11-րդ տարին է, ինչ փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարներ և նվագախմբեր, որոնց թվում են Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Յուրի Բաշմետը և Գիդոն Կրեմերը՝ «Մոսկվայի մենակատարներ» և «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբերի հետ, Քրիստոֆ Էշենբախը՝ «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային սինֆոնիկ նվագախմբի հետ, Քրոնոս քառյակը, Շանհայ քառյակը, Տոկիո լարային քառյակը, Բորոդինի անվան քառյակը, Վիենայի տղաների երգչախումբը, Հիլիարդ անսամբլը, մենակատարներ Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, Յուլիան Ռախլինը, Դանիել ՄյուլերՇոթը, Բորիս Բերեզովսկին, Դավիդ Գերինգասը, Վիկտոր Տրետյակովը, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինը՝ Մայա Պլիսեցկայայի հետ միասին, Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին