Today’s Zaman. «Ադրբեջանը ոչ մեկի կրտսեր եղբայրն էլ չէ»
«Today’s Zaman» անգլալեզու թուրքական պարբերականը հրապարակել է լրագրող Ամանդա Պոլի հոդվածը: Վերջինս, WikiLeaks-ի հրապարակումների համատեքստում վերլուծելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները, գրում է. «Թուրքիան և Ադրբեջանը միշտ հանդես են եկել «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո. Թուրքիան` որպես մեծ եղբայր, իսկ Ադրբեջանը` որպես Թուրքիայով հիացող կրտսեր եղբայր: Սակայն, WikiLeaks-ի հրապարակումները ցույց տվեցին, որ քաղաքական կուլիսներում թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան էլ ներդաշնակ չեն, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները` նախանձելի եռանդով տեսախցիկների առջև ողջագուրվելով: Իրականում, Ադրբեջանը Թուրքիայի համար ոչ թե փոքր եղբայր է այլ ածուխի տեղափոխման համար նախատեսված սայլ»:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան հանուն Ադրբեջանի շահերի 1993թ-ին փակեց Հայաստանի հետ իր սահմանը, սակայն երբ վերջին տարիներին Թուրքիան ցանկացավ բարելավվել Հայաստանի հետ իր հարաբերությունները Ադրբեջանը միանգամից խոչընդոտեց այդ գործընթացը` գործի դնելով իր ամենահզոր լծակները` նավթն ու գազը:
Ամանդա Պոլը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցման արդյունքում Բաքվի և Անկարայի հարաբերությունները կրկին ջերմացան, և մանրամասնում է. «Չնայած բոլոր հավաստիացումներին` Ադրբեջանը Թուրքիա չէ, աշխարհում «Թուրքիա» անվանումով միայն մեկ պետություն կա, Ադրբեջանին այլևս չի բավարարում «կրտսեր եղբոր» դերը, Բաքուն ինքնահաստատման խնդիր ունի»: