Բրյուսելում քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների հարցը
Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից վստահեցնում են, որ մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսության երկրորդ հանդիպումն անցել է բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ամփոփելով մարդու իրավունքների շուրջ երկխոսության առաջին հանդիպման արդյունքները՝ հայկական պատվիրակությունն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակին` մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին և դրա կիրարկմանը, դատական համակարգի գործունեությանը, միավորումներ կազմելու և հավաքներ անցկացնելու ազատությանը, արտահայտվելու և մամուլի ազատությանը, ընտրություններին և ընտրական համակարգին, կրոնի և հավատքի ազատությանը, բանտարկյալների իրավունքներին` ներառյալ խոշտանգումների, դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային ատյանների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական Միության միջև մարդու իրավունքների խրախուսմանն ուղղված համագործակցության հարցեր:
Նշենք, որ հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ տիկին Կարինե Ղազինյանը: Պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը և արտաքին գործերի նախարարության ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Մարդու իրավունքների հարցերով ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ տիկին Ռիինա Կիոնկան: