Մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը
Այսօր մեկնարկեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը: Այդ կապակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կարևւորելով ծրագրի իրականացումը, նշեց, որ այն կնպաստի էլեկտրոնային հասարակության ձևավորմանը:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը ստիպում է, որ Հայաստանի բոլոր գերատեսչությունները համախմբված աշխատեն հանրության հետ` ներկայացնելու այս ծրագրի գաղափարախոսությունը, կոնկրետ մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու, որպեսզի մեր քաղաքացիների համար համակարգիչը լինի հասանելի»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա, այսօր իրենց հետ են նաև կրթական համալիրները, որոնք ցուցադրում են, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից դպրոցը, համակարգիչները, որոնցից երեխաները կարողանում են օգտվել, որոնք շատ շուտով փոխարինելու են դասագրքերին, և որոնք որակապես փոխելու են նաև դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը` բարձրացնելով կրթական համակարգի արդյունավետությունը:
Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության ապահովման անհրաժեշտությունից` վարչապետն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց համակարգիչների, առանց համակարգչային տեխնիկայի օգտագործման, և հասկանալի է, որ այդ գործընթացը պետք է սկսել հենց դպրոցից:
«Եթե կարողանանք դպրոցներում այս խնդիրը մոտակա 2-3 տարիների ընթացքում արմատականորեն լուծել, դա նշանակում է, որ 10-15 տարի հետո կունենանք արդիական, ժամանակակից հասարակություն: Մենք այս տարի կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ 700 մլն դրամ հատկացրեցինք, որպեսզի դպրոցների համար ձեռք բերվեն համակարգիչներ և նպատակ ունենք նաև էապես բարելավելու մեկ աշակերտին բաժին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում»,- նշեց Տ.Սարգսյանը:
«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ «Համակարգիչ բոլորի համար» պիլոտային ծրագրի իրականացման արդյունքում զգալի հաջողություններ են գրանցվել: Արդյունքում, 17 հազար մարդ ձեռք է բերել համակարգիչ: Ըստ նրա, մեկ տարվա ընթացքում ապացուցվեց, որ այս ծրագիրը կարեւոր դերակատարում ունի, որի նպատակը միայն համակարգիչների վաճառքը չէր, այլև սերմանել էլեկտրոնային գրագիտություն:
«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ամբողջ տարածքում: ՀՀ քաղաքացիները կարող են 20 վաճառակետերից 2 տարի մարման ժամկետով ձեռք բերել համակարգիչներ: Բ. Ենգիբարյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել վաճառակետերի ցանկը: Ծրագրի վերաբերյալ առավել մանրասման տեղեկություններ տեղադրված են www.computerforall.am ինտերնետային կայքում:
Միջոցառման ժամանակ ստորագրվել են նաև հուշագրեր, մի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից` «Ինթել» կորպորացիայի, «Հյուլեթ Փակարդ» ընկերության միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մի շարք, մասնավորապես` «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման վերաբերյալ: Հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հյուլեթ Պակարդ, USAID CAPS-ի, Յունիքոմփ և Մայքրոսոֆթ ընկերությունների և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից: