Էրդողանը հրաժարվել է պատասխանել Հայոց ցեղասպանությանն առնչվող ուղիղ հարցադրմանը
Պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին նախօրեին թուրքական կառավարության նստավայրում ընդունել է վարչապետ Թայիփ Էրդողանը: Հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Լեհ մի լրագրող Էրդողանին հարցրել է, թե արդյոք հանդիպմանը քննարկվել է հայկական կոտորածների (ցեղասպանություն բառը չի գործածվել) հարցը և առանց այդ հարցի լուծման հնարավո՞ր է Թուրքիայի անդամակցումը Եվրամիությանը:
Ըստ թուրքական «Սոն Դաքիքա» (Son Dakika) լրատվական կայքի` Էրդողանը նշել է, որ եվրաանդամակցության համար առաջ քաշված պայմաններում հայկական կոտորածների վերաբերյալ բաժին չկա, հետևաբար և չեղած բանին պատասխան լինել չի կարող:
«Մեծապես օգտակար է այն, որ այդ հարցը սեղանին դրվի և քննարկվի արդարացիորեն ու գիտականորեն: Ճիշտ չեմ համարում քաղաքական մոտեցումներն այդ հարցին: Պետությունների խորհրդարաններում այդ բանաձևի օգտին քվեարկում են թեմայից անտեղյակները, ներառյալ` Միացյալ Նահանգներում»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Լեհաստանի սեյմը 2005 թվականի ապրիլի 19-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների և բարի կամքի մարդկանց բարոյական պարտքն է... ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացում Եվրամիությունը պահանջում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,-նշված է եղել որոշման տեքսում: