Վաշինգտոնն ու Տոկիոն ստեղծում են միջուկային ոստիկանություն
Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան ստեղծում են հատուկ կառույց, որը զբաղվելու է ռադիոակտիվ նյութերի անօրինական տարածման դեմ պայքարով, ինչպես նաև միջուկային նյութերի արտահոսքի աղբյուրների բացահայտման համար միջազգային մեթոդիկա ստեղծելու ու կիրառելու աշխատանքներով:
«Իտառ-Տասս» գործակալության տեղեկացմամբ, կառույցում ընդգրկվելու են գիտնականներ, փորձագետներ, ինչպես նաև ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի ու Ճապոնիայի ոստիկանության աշխատակիցներ:
Տեղեկատվության համաձայն, ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտնյաներից մեկը ճապոնական գործակալությանը հայտնել է, թե արդեն հիմա իզոտոպերի կառուցվածքի ուսումնասիրությունների վրա հիմնվելով, վստահաբար կարելի է բացահայտել, թե որտեղ է պատրաստվել այս կամ այն ռադիոակտիվ նյութը:
Միջազգային պրակտիկայում միջուկային նյութերի ծագման բացահայտումը, պաշտոնյայի խոսքերով, նշանակալի միջոց կհանդիսանա միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման ու ամրապնդման համար: Երկու երկրների համատեղ «Միջուկային ոստիկանությունը» մտադիր է հստակ գործողություններ իրականացնել ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառության կանխման գործում, միևնույն ժամանակ փորձագիտական խորհրդատվություն տրամադրելով այլ պետությունների: