Zaman. Թուրքիայում քրդերն ուզում են պայքարել նաև հայերի ազատության համար
Ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի» (ԺՀԿ-DTK) համանախագահ Ահմեթ Թյուրքը Թուրքիայի հարավ-արևելյան Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել թուրքական իշխանությունների վերաբերյալ: Նշել է, որ վերջիններս ոչ մի քայլ չեն կատարում` ապահովելու քրդերի խաղաղ գոյակցությունը ժողովրդավարության շրջանակներում:
«Քրդական հարցի լուծման համար ոչ մի նախագիծ չկարողացան առաջ մղել: Այսօր արյուն է թափվում: Մենք ուզում ենք դադարեցնել արյունահեղությունը: Արյուն թափելուն վերջ տալն ու խաղաղություն հաստատելն ավելի կարևոր է, քան ընտրությունները»,- ասել է Ահմեթ Թյուրքը: Նա նաև նշել է, որ իրենք Թուրքիայում պայքարելու են ոչ միայն քուրդ ժողովրդի, այլ նաև հայերի, արաբների, ասորիների ազատությունների համար:
Հիշեցնենք, որ Ահմեթ Թյուրքի գլխավորած «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ փակվել էր 2009թ. դեկտեմբերին: Իսկ կուսակցապետին 5 տարով արգելել է զբաղվել քաղաքականությամբ: