Hurriyet. Չլինեին հայերը, կլինե՞ր արդյոք Ստամբուլը
Թուրքական «Hurriyet» պարբերականի հոդվածագիր Ջենգիզ Չանդարն անդրադարձել է Ստամբուլի` պատմական Կոստանդնուպոլսի ճարտարապետական դիմագիծը կերտած հայերին: Չլինեին հայերը, կլինե՞ր արդյոք Ստամբուլը. Իր հոդվածն այդ հարցադրմամբ վերնագրած Չանդարը թվարկում է հայերի թողած ճարտարապետական հսկայական ժառանգության նմուշները` պալատներ, համալսարանի շենքեր, հիվանդանոցներ, եկեղեցիներ, մզկիթներ և այլն: Անջնջելի է համարում հատկապես Պալյան գերդաստանից սերած անվանի ճարտարապետների (Գրիգոր, Սարգիս, Սենեքերիմ Պալյաններ) թողած հետքը Ստամբուլի քաղաքային դիմագծի արևմտականացման մեջ:
Թուրք հեղինակը, արտահայտելով իր պատկառանքն ու հարգանքը հայերի ունեցած ներդրումների հանդեպ, միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնում 1915-ին կատարվածի առնչությամբ, ասելով` «Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչպես պատահեց, որ մեր երկիրը 1915-ին ամայացավ: Ինչպես էլ անվանեն այդ կոտորածները, ցեղասպանություն, զուլում կամ սուտ պատմություն, միևնույն է, դրանք թշվառություն բերեցին մեր երկրին»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում «Ստամբուլը եվրոպական մշակույթի մայրաքաղաք փառատոնի շրջանակներում բացվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարասկզբին Ստամբուլում ապրած և գործած 40 հայ ճարտարապետների հեղինակած 100 պատմական շենք-շինությունների լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը տևելու է մինչև 2011 թվականի հունվարի երկուսը: Այն կազմակերպվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և թուրքական երկու ճարտարապետական ընկերությունների համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի