«Վայրի կապիտալիզմը» տիրել է Ադրբեջանին
Նախօրեին Ադրբեջանի «Ամբասադոր» հյուրանոցում «Ադրբեջանում մարդու իրավունքների ներկայիս իրավիճակը. խնդիրները և միջազգային չափանիշները» թեմայով կոնֆերանս է ընթացել, որին մասնակցել են դիվանագետներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ելույթ ունեցողների ընդհանուր հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում շարունակում է ծանր մնալ ՝ մարդու հիմնարար իրավունքները մշտապես ոտնահարվում են: Այս մասին գրում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Արիֆ Գաջիլին նշել է, որ նոյեմբերին 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որոնք ուղեկցվել են մասշտաբային ընտրակեղծիքներով, ցույց են տվեցել, որ երկրում մարդու իրավունքների վիճակը մնում է ծանր:
Տնտեսական բարեփոխումների աջակցության կենտրոնի ղեկավար Ազեր Մեխտիևը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում «վայրի կապիտալիզմին» հատուկ գործընթացներ են ընթանում, ինչի արդյունքում պաշտոնյաները սովորական մարդկանցից խլում են իրենց ուզած սեփականությունը ու պատժի չեն ենթարկվում: «Մի երկրում, որտեղ չկա ազատ ընտրություն, չի կարող լինել սեփականության իրավունք»,- ասել է նա:
Քննարկմանը ներկա փորձագետ Ռասուլ Ջաֆարովը նշել է, որ դատական համակարգն իր դերը չի կատարում և չի պաշտպանում շարքային քաղաքացու շահերը, ընդ որում՝ իշխանությունները ոչ միայն ազդեցություն ունեն դատարանների վրա, այլ անտեսում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:
Քննարկման մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքից և քննադատել դեսպանությունների ու միջազգային կառույցների՝ Եվրոպական խորհրդի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի պահվածքը:
Մուսավաթ կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը նշել է, որ երկրում մարդու իրավունքների ոտնահարման գլխավոր մեղավորը՝ Ալիևի կառավարող վարչակարգն է: