Կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր է մշակվում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր:
Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: