ԱՄՆ դաշնային վճռաբեկ դատարանի որոշումը` Հայոց ցեղասպանության վերաբերյալ
ԱՄՆ 9-րդ դաշնային վճռաբեկ դատարանի կայացրած որոշման համաձայն` Հայոց ցեղասպանության ճանաչումը Կալիֆոռնիայի նահանգում չի հակասում ԱՄՆ արտաքին քաղաքականությանը:
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի փոխանցմամբ` դատավոր Դորոֆի Նելսոնը մտափոխվել է և, հրաժարվելով անցած տարի կայացրած որոշումից, նոր որոշման տակ է դրել իր ստորագրությունը:
Հիշեցնենք, որ անցած տարի նույն այդ դատարանը կայացրել էր որոշում, ըստ որի, ցեղասպանության զոհերի հարազատներն արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ չեն կարող դատական հայց ներկայացնել, քանի որ Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչված չէ:
Այսպիսով, նոր որոշումը հետայսու վերացնում է այդ արգելքը, և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ տուժածների հարազատներն այս որոշման հիման վրա կարող են ամերիկյան ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել և պահանջել հատուցում:
Նշենք, որ հայակական սփյուռքը մեծ ոգևությամբ է ընդունել որոշումը, իսկ ամերիկյան մամուլում այն բնորոշվել է որպես հայերի հանդեպ դիրքորոշման փոփոխություն: